ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
«Ոչնչից չի վախենում միայն կատարյալ հիմարը, բայց իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ»,- այս մասին ՀՀԿ քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո շրջանավարտներից մեկի այն հարցին՝ արդյոք ՀՀ երրորդ նախագահը չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, ի պատասխան ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։ Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում, ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»,- նշել է Սերժ Սարգսյանը և հավելել.
«Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ , եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»:
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ ավելին չի ուզում ասի, քանի որ խոստացել է պարզ և անկեղծ զրույց ունենալ ՀՀ քաղաքացիների հետ, իսկ դրա ժամկետը՝ մոտենում է։