Հայաստանը 36 միլիոն եվրոյի վարկ կվերցնի․ ինչի՞ համար է այն նախատեսված․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Բյուջե

«Ժողովուրդը» գորում է․ «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36 մլն 506 հազար եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է` պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում և կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:

Պարզվում է` ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն կտա նաև երկրորդ վարկային համաձայնագրի ստորագրմանը: Այսպես, նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև նախատեսվում է ստորագրել «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագիրը: Ըստ դրա` նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Նշված միջոցներն ուղղվելու են «2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: