«Թանկանոց խոպանչին». ինչո՞վ է առավել Զարեհ Սինանյանը Հրանուշ Հակոբյանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հրանուշ

ՀՀ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատակազմի գործունեության համար կառավարությունը բյուջեից առանձնացրել է մոտ 800 մլն դրամ․ սա՝ միայն մեկ տարվա համար։ Ընդ որում, այս գումարների ճնշող մեծամասնությունը Սինանյանի և նրա աշխատակազմի արտասահմանյան գործուղումների համար են։ Ինչպես ինքը նշեց կառավարության նիստում՝ չեն գնալու միայն Անտարկտիդա, Կենտրոնական և Հարավային Աֆրիկա։ Եվ այս խոսքերն, իհարկե, Սինանյանը համեմեց շատ կարևոր աշխատանքի կատարման անհրաժեշտությամբ՝ «գույքագրել հայության ներուժը, հասկանալ, թե ով ինչ կարող է անել» և այլ, և այլն։

Իրականում, արդեն մոտ 6 ամիս պաշտոնավարած պաշտոնյան, որը Հայաստան գալուց առաջ ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի խորհրդի անդամ էր, պետք է ներկայացներ Սփյուռքի հետ կապերի ռազմավարությունը։ Եվ այս ռազմավարությունը պետք է լիներ շատ առարկայական։ Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներն աշխարհի բազմաթիվ երկրներում կանգնած են ինքնության կորստի առջև, նախկին ավանդական մեխանիզմները վաղուց չեն աշխատում, Հայաստան-Սփյուռք հարցերի վերաորակավորման խնդիր կա։ Ավելին, հենց այս պահին մենք կորցնում ենք, եթե, իհարկե, արդեն չենք կորցրել, Մերձավոր Արևելքում մեր ներկայությունը, որն ունի ուղղակի ռազմավարական, անվտանգության բարձրագույն մակարդակի նշանակություն Հայաստանի համար։ Պետությունը վաղուց դադարել է աշխատել ավանդական կուսակցությունների հետ, որոնց ունեցած ցանցը կարող է դառնալ ցանկացած երկրի համար գերկարևոր նշանակության ինստիտուտ։

Սիրիայում քաղաքացիական պատերազմը, Լիբանանում քաղաքական անկայուն իրավիճակը, որն ուղեկցվում է բախումներով, ստեղծում է պարարտ հող, որպեսզի մեր հայրենակիցները լքեն իրենց ծննդավայրերն ու հիմնականում տեղափոխվեն արևմտյան երկրներ, այլ ոչ թե Հայաստան։ Եվ Սփյուռքի հարցերով հանձնակատարի թիվ մեկ խնդիրը հենց այնպիսի ռազմավարություն մշակելն է, որ սփյուռքահայերն արտագաղթեն ոչ թե Ֆրանսիա կամ Ավստրալիա, այլ հայրենիք։ 

Ընդհանրապես, Սինանյանի՝ Հայաստան տեղափոխվելու ու այստեղ աշխատանքի անցնելու հարցը դեռ հետագայում մեծ քննության առարկա պետք է դառնա։ Ինչպես ստացվեց, որ ԱՄՆ քաղաքացի Սինանյանը, ում հեղափոխության օրերին ներկայացնում էին քաղաքական փոփոխությունների մեծ ջատագով, 6 ամսվա ընթացքում միայն հայտարարում է գործուղումների անհրաժեշտության և «Քա՛յլ արա դեպի տուն» ծրագրի մասին, որը, մեծ հաշվով, ոչնչով չի տարբերվում Հրանուշ Հակոբյանի՝ «Արի տուն» ծրագրից։

Ի դեպ, նույն Սինանյանը հայտարարում է, թե արտասահմանից կարող է բերել Հայաստան լավ մասնագետների, սակայն մեր պետությունը դեռ պետք է կարողանա վճարել այդ մարդկանց։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունը պոպուլիզմի դաշտից է։ Մի քանի ամիս առաջ Սինանյանի գրասենյակ փաստաթղթեր է ուղարկել Միլանում սփյուռքագիտության գծով դոկտորական պաշտպանած մի անձնավորություն, որը մերժում է ստացել և մի քանի ամիս անց տեղափոխվել ԱՄՆ՝ տեղի համալսարաններից մեկում իբրև բարձր վճարվող հրավիրյալ դասախոս։ Սա է իրականում ԱՄՆ-ից ժամանած ու մեր պետության վրա բավական թանկ նստող «խոպանչու» գործունեությունը՝ բառեր, գործուղումներ և ոչ մի առարկայական բան։

Սուրեն Կամսարական