Բանաձևը էականորեն տարբերվում է Ցեղասպանության պաշտոնական նախորդ ճանաչումներից.«Սասնա Ծռեր»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Սասնա

Հայոց ցեղասպանության վերաճանաչման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի թիվ 296 բանաձեւը ԱՄՆ կողմից Ցեղասպանության նախորդ պաշտոնական ճանաչումներից էականորեն տարբերվում է թե ժամանակի եւ աշխարհաքաղաքական համատեքստերի, եւ թե բովանդակության առումներով: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նախկինում ճանաչումները տեղի էին ունենում Սառը պատերազմի ժամանակվա կայուն եւ անխախտելի համարվող աշխարհակարգի ու սահմանների պայմաններում, առավելապես ունեին պատմական արդարության նկատմամբ քաղաքակրթական տուրքի շարժառիթ եւ զերծ էին գործունեական հեռանկարից:

Մինչդեռ ներկայիս բանաձեւը աշխարհում, հատկապես՝ Մեծ Մերձավոր Արեւելքի մեր տարածաշրջանում, տեղի ունեցող «տեկտոնական» փոփոխությունների եւ այդ փոփոխությունները որոշակի ընթացքով տանելու ԱՄՆ ռազմավարության արտահայտությունն է:

Այս բանաձեւը, նրա ընդունման տասնամյակների նախապատմությունը եւ ներկա համատեքստը արտահայտում են ԱՄՆ-ի՝ որպես աշխարհաքաղաքական հզորագույն կենտրոնի, ամբողջ քաղաքական վերնախավի.

չթուլացող հետաքրքրվածությունը Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական շահեր հետապնդելու ուղղությամբ,

այդ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը փոփոխելու նկրտումը, ինչպես նաեւ որոշումը՝ այդ փոփոխման գործընթացում Թուրքիայի դերի նվազեցման վերաբերյալ,

տարածաշրջանի նոր անվտանգային ճարտարապետության մեջ հայությանը եւ Հայաստանին որպես գործոն դիտելու եւ նրանց դեր վերապահելու պատրաստակամությունը,

տարածաշրջանում քրդական եւ հայկական գործոնների կարեւորության աճի զուգահեռականությունը տեսնելու միտումը:

ԱՄՆ-ում միջկուսակցական բացառիկ լարված հակասությունների պայմաններում այս բանաձեւի ընդունման աննախադեպ երկկուսակցական համախոհությունն ու միաձայնությունը վկայում են այն մասին, որ ամերիկյան քաղաքականության վերոնշյալ փոփոխությունը երկարաժամկետ է եւ կախված չի լինելու առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքից:

Տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության ապագայի սցենարներում մեզ համար առկա է պատմականորեն հազվադեպ հանդիպող մի հնարավորություն, երբ ստեղծվում է մեծ ուժերի այնպիսի դասավորություն, որտեղ նոր կայուն հավասարակշռության առաջացումը կախված է լինում նաեւ փոքր ուժերի վարքից:

Նման հազվադեպ հնարավորությունները փոքր ուժերի համար իրենց կարգավիճակը որակապես բարելավելու եւ իրենց սուբյեկտությունը հաստատելու կամ դրա մակարդակը բարձրացնելու լավագույն միջոցներն են:

Եվ, ընդհակառակը, այդպիսի հնարավորությունները չօգտագործելու պարագայում դրանք հավելյալ, երբեմն՝ աղետալի, մարտահրավերներ են ստեղծում փոքր ուժերի համար:

Թե այս բանաձեւը, եւ թե մոտ ապագայի զարգացումները հայկական շահերին ծառայեցնելու պատմական հնարավորությունը կախված է լինելու ոչ միայն աշխարհաքաղաքական մեծ ու փոքր կենտրոնների միջեւ ուժային նոր հավասարակշռությունից, այլեւ հայկական գործող քաղաքական վերնախավի մտավոր եւ կամային հատկանիշների տրամաչափից, նրա կողմից պատմական պահի ճակատագրականությունը ըմբռնելու կարողությունից, ստեղծվող նոր հավասարակշռության մեջ դերակատարություն ստանձնելու եւ առաջացող հնարավորությունները հայկական ինքնիշխանության ամրապնդմանը ծառայեցնելու ամուր նպատակադրումից:

Պետք է հասկանալ, որ բանաձեւը, այո, շատ կարեւոր է պատմական արդարության վերականգնման տեսակետից, սակայն այն ավելի կարեւոր է մեր եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման, ինչպես նաեւ առհասարակ՝ մեր ազգային ապագայի համար։

Ուստի բանաձեւը եւ դրանով երեւակվող միտումները թերագնահատելու, առավել եւս՝ անտեսելու ձեւով իրավիճակին եւ զարգացումներին բավարար չափով համարժեք չլինելու հետեւանքը կարող է նաեւ աղետալի լինել:

Համարժեք լինելու պարագայում բանաձեւը եւ դրանով մեկնարկվող գործընթացները.

լրացուցիչ զսպման երաշխիքներ կդառնան ՀՀ նկատմամբ Թուրքիայի հավանական ոտնձգությունների դեմ եւ կհավասարակշռեն Ռուսաստանից Հայաստանի անվտանգության միակողմանի կախյալությունը՝ էապես մեծացնելով իրապես ազգային անկախ պետություն կերտելու գործնական հնարավորությունները,

հիմքեր կստեղծեն Ռուսաստանի եւ Թուրքիայի աճող մերձեցմամբ մեզ համար ծագող գոյութենական սպառնալիքի հավանականությունը չեզոքացնելու համար,

Թուրքիայի համար կստեղծեն համակարգային պրոբլեմներ, ինչը նրան կստիպի տարածաշրջանային գերուժ ունեցող եւ իսլամական աշխարհի առաջնորդության ձգտող միջուկային տերություն դառնալու փոխարեն մտածել իր ամբողջականությունն ու ներկայիս կարգավիճակը պահպանելու ուղղությամբ,

ճանապարհ կբացեն քրդական եւ հայկական գործոնների զուգադրման շնորհիվ Վիլսոնի իրավարար վճիռը դիվանագիտական շրջանառության մեջ դնելու եւ Ցեղասպանության հետեւանքները հաղթահարելու, այդ թվում՝ Հայրենիքի նկատմամբ մեր անօտարելի իրավունքները եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, մասնավորապես՝ դրա համատեքստում Արցախի դե յուրե միացումն ամբողջացնելու համար:

Բանաձեւը հուշում է, որ սկսելու համար պետք է օր առաջ հրաժարվենք անվտանգության ապահովման առումով բոլոր «ձվերը» մեկ զամբյուղում դնելու մոտեցումից եւ ըստ ազգային անվտանգության գերակայությունների՝ ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Վրաստանի եւ մյուս դերակատարների հետ համապատասխան մակարդակի եւ խորության հարաբերություններ հաստատելու միջոցով դիվերսիֆիկացնենք մեր արտաքին-անվտանգային քաղաքականությունը:

Բանաձեւը ընտրության ուղերձ է: