Դանակահարություն՝ Երևանում․ կասկածյալը «ԷԿԶՈ» ՍՊԸ-ի տնօրենն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 02 բժիշկների խումբը Մաշտոցի պողոտայից «աջ նստատեղի մկանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է աղբյուրը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արման Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա թիվ 5 հասցեի մոտից:

Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունը կցուցաբերեին վիրավորին, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ Արման Մ.-ին ժամը 21:00-ին դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Կ.-ն, ով ժամեր անց ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Կենտրոնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Էդվարդ Կ.-ն իրավաապահներին հայտնել է, որ ինքը «ԷԿԶՈ» ՍՊԸ-ի տնօրեն է: