Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։

«Դատախազությունը քրեադատավարական կարգով ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ուղարկել լրատվամիջոցներում հրապարակված «Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ» վերտառությամբ նյութը: Դրա հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ, Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Նախաքննության կատարման համար քրեական գործը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է նույն վարչական շրջանների քննչական բաժին: Հարուցված քրեական գործերով իրականացվելիք լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները և իրավական գնահատականներ կտրվեն դրանց առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին»,- նշեց Արևիկ Խաչատրյանը: