Այցելեցինք Վերին Լարս՝ ծանոթանալու մեքենաների կուտակումների խնդրին․ Արմեն Փամբուխչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Արմեն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարս, տեղում ծանոթանալու հսկիչ-անցակետի արդեն իսկ հայտնի մեքենաների կուտակումների խնդրին և գտնելու կարգավորման ուղիներ։

Առկա հարցերը և խնդիրները քննարկելու համար ուղևորվեցինք Հյուսիսային Օսիայի Հանրապետության վարչական կենտրոն՝ Վլադիկավկազ, հանդիպելու ՌԴ Պետական դումայի պրոֆիլային հանձնաժողովի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Կազբեկ Կուցուկովիչ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը: Հյուսիսային Օսիայի Հանրապետության խորհրդարանում մեզ ընդունեց խորհրդարանի նախագահ պարոն Ալեքսեյ Վասիլևիչ Մաչնևը:

Ներկա էին շահագրգիռ բոլոր կողմերը՝ սահմանապահ զորքերի հրամանատարության, ղեկավար կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև Հյուսիսկովկասյան օկրուգի մաքսային ծառայության և Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայության ղեկավարության ներկայացուցիչները:

Մոտ երկու ժամ տևած համակողմանի հանդիպմանը քննարկվեցին, մանրակրկիտ և հանգամանալից ուսումնասիրվեցին բոլոր հուզող հարցերը, առաջացող խցանումների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։

Անդրադարձանք մի շարք խնդիրների մասնավորապես Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության բարձրացման, հատկապես՝ բեռնատար ավտորտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը:

Քննարկվեցին ուղևորատար տրանսպորտին վերաբերող հարցեր՝ կապված լիցենզավորված փոխադրումների, ավտոընկերությունների միջև հստակ ժամանակացույցերի արձանագրման և սպասարկման հետ, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ հարցեր:

Վերը նշված խնդիրների քննարկումները կշարունակվեն նոյեմբերի 6-ին՝ Գյումրիում կայանալիք հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, որտեղ զեկույցով հանդես կգամ նաև ես։

Շնորհակալություն եմ հայտնում ՌԴ մեր գործընկերներին արագ ու օպերատիվ կերպով արձագանքելու և արդյունավետ փոխգործակցության համար»։