ԱՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրագրերի մասին» ԱՀ օրենքը՝ կից փաթեթով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը, հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նիստի մեկնարկին խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակներին, կողմ քվեարկած կոնգրեսականներին, հայկական կազմակերպություններին, և շնորհավորելով բոլորին՝ նշել է. «Մենք կարող ենք արձանագրել, որ պատմական հաջողություն ունենք և, որ պակաս կարևոր չէ, այդ հաջողությունը գրանցվել է թիմային ու տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ»:

Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը քննարկվել է «Վերածնունդ» խմբակցության կողմից կառավարությանն ուղարկված հարցապնդումը: Գործադիր իշխանության կողմից պատասխանը ներկայացրել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Այնուհետև խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրագրերի մասին» ԱՀ օրենքը կից փաթեթով:

Հաջորդ օրենսդրական նախագիծը վերաբերում էր «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և դրան կից՝ «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ներկայացնելով նախագծերը՝ ԱՀ Ֆինանսների նախարարը նշել է, որ առաջարկվում է գործող օրենսդրության նորմերին համապատասխան՝ սահմանել արտոնություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմին սեփականության իրավունքով պատկանող՝ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019թ.-ի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից: Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է:

Նիստի ավարտին պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Ռամելա Դադայանը և Գագիկ Բաղունցը: