Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել Երևանի հետ քույր քաղաքներ դառնալու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

.

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող  ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երեւանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջեւ ծառացած խնդիրների, մարտահրավերների եւ դրանց լուծումների մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է նաեւ Նեապոլի պրեֆեկտ Կարմելա Պագանոյի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանի խնդրանքով ներկայացրել է Իտալիայի տարածքային կառավարման առանձնահատկությունները եւ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ պատմել է սոցիալական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները Իտալիայի պրեֆեկտուրաների միջոցով:

Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցո Սեպեի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալին` հայկական հետքն ու մեր համատեղ հոգեւոր ժառանգությունը Իտալիայում, հատկապես Նեապոլում հրաշալի պահպանելու համար: Կարդինալ Սեպեն, բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջեւ մշակութային եւ հոգեւոր կապերը, պատմել է Նեապոլում հայկական հետքի մասին։