ԱԳ նախարարը Մոնակոյում նախագահել է Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հոկտեմբերի 30-ին և 31-ին Մոնակոյում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը, որը նախագահեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ:

1

Բացման ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և Մոնակոյի պետնախարար Սերժ Տելը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց երևանյան գագաթաժողովի ժամանակ ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից ստանձնված պարտավորությունների կատարման ընթացքը և Հայաստանի նախագահության  ձեռնարկած նախաձեռնությունները:

1

Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը, որպես Հայաստանյան նախագահության առաջնահերթություն, ընդգծեց ֆրանկոֆոն տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդումը և թվային օրակարգի խթանումը, նորարարության և նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ, այդ ոլորտներին մեր կողմից տրվող կարևորությամբ պայմանավորված, բանաձևի նախագծի ներկայացումը վճռական քայլ է ֆրանկոֆոն տարածքում առկա թվային ներուժի լիարժեք իրացման և նոր գաղափարներով հանդես գալու ճանապարհին:

1

«Այս հարցերի վերաբերյալ մեր հետաքրքրությունն արդեն արտացոլվել է երևանյան գագաթաժողովի աշխատանքներում և դրա շրջանակներում ընդունված հռչակագրում: Ազգային մակարդակով ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ռազմավարական ոլորտ են, և հետևողական ջանքեր են գործադրվում նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման ուղղությամբ: Համոզված ենք, որ ֆրանսախոս աշխարհում նորարարության և նոր տեխնոլոգիաների խթանումը մեր առջև ծառացած հիմնական առաջնահերթություններից մեկն է»:

1

Նախարարը հավելեց, որ, ի թիվս այլ նախաձեռնությունների, Հայաստանն իր նպաստը կունենա Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների տնտեսական ֆորումի կազմակերպման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց վերոնշյալ նախաձեռնությունների իրականացման գործում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի գնահատանքը Մոնակոյի իշխանությունների կողմից այս համաժողովի քննարկմանը ներկայացված բնապահպանական թեմատիկայի առնչությամբ՝ վստահություն հայտնելով, որ այն կամրապնդի կազմակերպության կողմից արդեն իսկ որդեգրված դիրքորոշումը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ու կենսաբազմազանության խթանմանն ուղղված մեր գործողություններում: