«Թուրքիան չի վախենում իրականացնել նոր ցեղասպանություն»․ կոնգրեսականը կոչով դիմել է Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

թրամփ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը facebook-յան էջում հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդի ելույթը, որի ժամանակ կոնգրեսական ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Սենատին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ապագա նոր ողբերգություններից խուսափելու համար: 

«Ամերիկյան միսիոներները և դիվանագետներն աշխարհին հայտնեցին, որ Օսմանյան կայսրությունը փորձում է բնաջնջել հայ քրիստոնյա ժողովրդին: ԱՄՆ-ն դարձավ ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ մարդկանց տունը: Անցյալում վերապրած նրանց ողբերգությունը պատճառ դարձավ Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ստեղծմանը: Լեմկինն ինքն ականատեսը եղավ Նացիստական Գերմանիայի պատճառով իր ընտանիքի տառապանքներին»,- ասել է  Ներկայացուցիչների պալատի անդամը, ապա հավելել, որ ցեղասպանության ժխտման հետևանքները տեսանելի են նաև մեր օրերում:

«Եղել եմ թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Ես տեսնում եմ, որ Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը: Փաստացիորեն, Թուրքիան սկսել է Հյուսիսային Սիրիայի էթնիկ քրդերի բնաջնջումը: Ես երկար ժամանակ մեր կառավարությանը կոչ եմ արել ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ես հանդիսանում եմ 296-րդ բանաձևի հովանավորներից մեկը: Ներկայացուցիչների պալատը խոսեց հստակ ձայնով՝ խախտելով լռությունը և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Կոչ ենք անում Սենատին և նախագահ Թրամփին անել նույնը»,- իր ելույթում ասել է Թուլսի Գաբբարդը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։