Քիչ էր մնում մտածեի՝ Սանասարյանն Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ կմեղադրի․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, նշել է, որ բազմիցս է ասել՝ իր ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի։

«Երբ լսում էի մյուս մեղադրանքները, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրի: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»,- ասել է Արսեն Թորոսյանը, ապա հավելել, որ պետք է Դավիթ Սանասարյանին հարցնել, թե ինչու է նման մեղադրանքներ հնչեցնում։

«Ես իրեն մի անգամ հանրային խորհուրդ տվել եմ, բայց կարծես թե չի ուզում օգտվել այդ խորհրդից»,-ասել է նախարարը:

Հարցին՝ այս հակասությունները չե՞ն ազդի կուսակցության գործունեության արդյունավետության վրա, Արսեն Թորոսյանը պատասխանել է, որ որևէ հակասություն չկա, իրավական գործընթաց կա, որը պետք է ընթանա, և եթե պարզվի, որ կա որևէ մեղավոր, ապա նա պետք է պատժվի։ 

Նախարարը տեղեկացրել է, որ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով ցուցմունք արդեն տվել է, քանի որ վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, և եթե կանչեն դատարան, ապա կգնա և նույնը կկրկնի: Իսկ Դավիթ Սանասարյանի հետ արդեն առերեսվել են:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news