Շիրակի դպրոցներում աշխատանքի չհաճախելով աշխատավարձ ստանալու դեպքեր են պարզվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

դատախազություն

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի նյութերը՝ հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու համատեքստում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրինաչափորեն, քիչ չեն եղել դեպքերը, երբ որպես հանցավոր սխեմա՝ դպրոցների ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակվել են անձինք, որոնք ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չեն հաճախել, ամբողջությամբ կամ լիարժեքորեն չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ուսումնական հաստատությունների համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից կազմվել և հաստատվել են աշխատաժա­մանա­կի հաշվարկի բովանդակությամբ կեղծ տե­ղե­կա­գրեր, որոնցում կեղծ տեղեկութ­յուն­ներ են ներառվել այդ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Եվ այդ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ, որոնք առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են:

Քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզված նման օրինաչափությունները հիմք են տվել ողջամիտ կասկածներ ունենալու, որ նման դրսևորումները կարող են տարածված լինել նաև մարզի հանրակրթական այլ ուսհաստատություններում:

Ելնելով դրանից՝ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման, այդ միջոցների օգտագործման իրավաչափությունն ու հիմնավորվածությունն ուսումնասիրելու և ստուգելու նկատառումներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազը 2019թ. օգոստոսի 14-ին գրությամբ դիմել էր  Շիրակի մարզպետին՝ տրամադրելու 2019թ. մարզպետարանի վերահսկողության ներքո գործող ուսումնական հաստատությունների հաստիքացուցակներում ընդգրկված ուսումնաօժանդակ անձնակազմի ցուցակները։

Ստացված տեղեկատվությունը և փաստաթղթղերն անմիջապես ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն՝  ցուցակներում ընդգրկված անձանց ՀՀ-ում գտնվելու, աշխատանքի հաճախելու և աշխատանքներ կատարելու հանգամանքները պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ։

Արդյունքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել են մարզի տարածքում գործող թվով յոթ դպրոցներում առևերևույթ նմանատիպ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք վերաբերում են աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելուն կամ  հաստիքացուցակով սահմանված աշխատանքներ չկատարելուն: Այդ կապակցությամբ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր։

Նկատի ունենալով, որ նման իրավիճակը կարող է ավելի լայն տարածում և աշխարհագրություն ունենալ՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նման ուսումնասիրություններ կնախաձեռնվեն նաև հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում: Դրանց արդյունքում, բավարար տվյալների առկայության դեպքում, կապահովվի օրենքով սահմանված քրեադատավարական ընթացակարգ՝ ենթադրյալ կոռուպցիոն այս սխեմաներում ներգրավված պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու և խնդիրը, դրա արմատավորմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով: