«Նուբարաշեն» ՔԿՀ-ի և ոստիկանության գործակցության արդյունքում թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, իրացնելով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 1-ի ժամը 14։10-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց փողոցից բերման են ենթարկել քաղաքացի Վ. Մ.-ին։ Վերջինիս մոտից անձնական զննությամբ առանձնացված փաթեթներում հայտնաբերվել են 20,47 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայից՝ 35,85 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։

Ինչպես տեղեկացրին  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, քրեակատարողական հիմնարկի օպերատիվ տվյալների համաձայն՝ քաղաքացին պատրաստվում էր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերոնշյալը փոխանցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ն. Դ.-ին։

Կատարվում է հետաքննություն։