«Սորոսը» սկսում է խփել Փաշինյանին. ռուսական ռազմաբազան ընդամենը պատրվակ է

ԵՐԵՒԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐ,  24News

Նիկոլ Փաշինյան

Վերջին մի քանի օրերին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ու դրանց «սիրելի» վերլուծաբանները սկսել են ակտիվ հակաքարոզչություն Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ուղղությամբ։ Ակնհայտ քաղաքական գիծը հետևյալն է՝ ՌԴ ռազմաբազան խանգարում է Հայաստանի ինքնիշխանությանը, ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում խնդիր է ստեղծում այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման առումով և այլն։ Այս քարոզչական քայլերն  արվում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Գյումրիի ռազմաբազա, ապա արդեն Երևան այցելության ֆոնին այն պարագայում, երբ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է գալիս իրենց ռազմական ներկայությունը մեր երկրում գրեթե երկու անգամ մեծացնելու մասին հայտարարությամբ։ 

Ի՞նչ է կատարվում և ինչու՞ հիմա

Ակնհայտ է, որ 2018 թ-ում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մեջ իրենց ոչ վերջին դերակատարությունն ունեցած արևմտյան հիմնադրամներից սնվող կազմակերպությունները, կամ, եթե արտահայտվենք ժամանակակից քաղաքական մոդայիկ բառապաշարով, «Սորոսը», չեն ստացել այն արդյունքները, որի համար էլ մտել են այդ պայքարի մեջ։ Հեղափոխությանը մասնակից լինելով «Մերժիր Սերժին» կազմակերպությամբ, նրանք հետագայում կարողացան ստանալ միայն մեկ-երկու պաշտոններ, որոնցից մեկն էլ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հաստիքն էր։ Դավիթ Սանասարյանի աղմկահարույց հեռացումից հետո «սորոսականների» տրամադրության տակ են մնացել մի քանի ոչ առաջնային պաշտոններ, որոնք, բնականաբար, նրանց համար բավարար չէ։ Ավելին, նրանք ակնկալում էին, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես կփչանան, ուստի և հիմա հարց են տալիս՝ ինչու՞ չեղավ այնպես, ինչպես որ իրենք էին ծրագրել։ 

Գրոհ դեպի ռուսական ռազմաբազա

Մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, արևմտյան որոշակի կենտրոններ որոշել են արագացնել Հայաստանում իրենց աշխատանքի տեմպերը և ֆինանսական հսկայական միջոցներ կուտակելով, սկսում են գրոհի երկրորդ ալիքը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում «սորոսականներ» & company-ն սկսում են թավիշը փոխարինել գույնով՝ գունավոր հեղափոխությամբ։ Իսկ ինչ գունավոր հեղափոխություն առանց ընդգծված հակառուսական հայտարարությունների ու գործողությունների, որոնք կարող են անկանխատեսելի ձևով վատացնել Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները՝ իր բոլոր ծայրահեղ հետևանքներով։ Այս առումով պատահական չէր Ռուսաստանի դեսպանության հայտարարությունը, որում տարակուսանք էր հայտնվում, թե ինչպես և ինչու է այնպես ստացվում, որ ռուսական ռազմաբազայի ներկայության մասին քննարկումներ են ծավալում հենց արևմտյան ֆինանսական աջակցություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները։ Ռուս դիվանագետները անթաքույց նշում են, որ տեղի ունեցող գործընթացը ձեռնտու չէ ո՜չ Հայաստանին և ո՜չ էլ Ռուսաստանին, այս գործընթացից երրորդ կողմն է շահելու։ Առանց ավելորդ ակնկարկների այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Մոսկվան նույնպես տեղյակ է «սորոսյան» ցանցի ծրագրերից և պաշտոնական Երևանից գնահատականներ ու գործողություններ է ակնկալում։ 

Խփել Նիկոլին՝ ռուսների միջոցով

Իրականում, սակայն, հակառուսական այս լայնածավալ գրոհի թիրախը ոչ թե հիմնականում ռուսական ռազմաբազան է, այլ նախ և առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպես կսրվեն հայ-ռուսական հարաբերությունները, եթե Հայաստանում առանց որևէ պետական հակազդեցության հակառուսական տրամադրություններ սերմանվեն։ Ռուսական ռազմական ներկայության դեմ հանրային տրամադրություններ հանելով՝ «սորոսականները» ի վերջո խնդիր ունեն Հայաստանում սկսել բախումների շարք, որի արդյունքում պետական առանց այդ էլ ոչ այնքան ուժեղ իշխանությունը կթուլանա, իսկ հայ-ռուսական լարվածությունը իրենց հնարավորություն կտա իշխանության բերել Սաակաշվիլու պես մեկին՝ իր բոլոր հետևանքներով։ 

Երկրորդ ակնհայտ փաստը, որ վկայում է, թե իրականում Նիկոլին այլ ոչ թե ռուսներին խփելու խնդիր կա դրված՝ Սերժ Սարգսյանի ձերբակալության անթաքույց պրոպագանդան է։ Իշխանության ադեկվատ թևը լավ է հասկանում, որ ցանկացած կառավարության համար միանգամից երկու նախագահ կալանավորելը ծանր բեռ է, որի տակից հնարավոր է, նաև դուրս չգան։ Փաշինյանին Սերժ Սարգսյանին կալանավորելու դրդումը նույնպես ուղղակի հարված է հենց Նիկոլի իշխանությանը, որը նաև շատ լավ հասկանում է Սերժ Սարգսյանն ու այդ մասին նուրբ ակնարկ անում իր հայտնի ելույթի ժամանակ։ 

Գունավոր հեղափոխություն

Պարզից էլ պարզ է, Հայաստանում սկսվում են քաղաքական գործընթացներն ակտիվանալ։ Այս համատեքստում հեղափոխության երկրորդ՝ գունավոր կամ արյունոտ փուլին ուղղված քաղաքական տրամաբանությունն էլ ավելի ակնհայտ է դառնում։ Կռիվ իշխանության մեջ, կռիվ իշխանությունից դուրս, բախումներ փողոցում, հակառուսական հիստերիա և, վերջապես, ամբողջովին լոյալ իշխանության ձևավորում։ Սա է լինելու առաջիկա ամիսների «սորոսյան» փորձագետների ու պրոպագանդայի հիմնական խնդիրը։ 

 

Սուրեն Կամսարական