Գավառի սպանությունը, հնարավոր է, վենդետա է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

կրակ

Նոյեմբերի 2-ի առավոտյան «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր  ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ 2 քաղաքացի են տեղափոխվել։ Նրանցից մեկը՝ 40-ամյա Գագիկ Հակոբյանը, գիտակցության չգալով, մահացել էր, մյուսը՝ 56-ամյա Արևշատ Ղազարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել։

Նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել էին Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուսից դեպի Գավառ տանող ճանապարհահատվածում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր ինքնաձիգից արձակված 5 պարկուճ: Ըստ նախնական տեղեկության՝ տեղում արձակվել էր 20-ից ավելի կրակոց:

Գեղարքունիքի մարզի բնակիչները չեն բացառում՝ կատարվածը, հնարավոր է, վրեժխնդրություն լինի, որ մի քանի տարվա պատմություն ունի։ Ըստ տեղացիների՝ սպանվածը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ դեռևս նախորդ տարվա ամռանը կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ։ 29-ամյա Հայկ Հակոբյանը Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի որդին էր, նրան սպանողը՝ 20-ամյա Մեխակ Հարությունյանը, Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին։

Նշենք, որ, ըստ մեղադրանքի, աղմկահարույց սպանությունն կենցաղային բնույթի անհեթեթ վիճաբանության հետևանք է եղել: Հակոբյանի և Հարությունյանի միջև վիճաբանությունն էր եղել ավտոմեքենա վարելու հարցի շուրջ։

Դեպքն այնքան մեծ հասարակական հուզում էր առաջացրել, որ Հակոբյանի սպանությունից հետո իրավապահները խիստ վերահսկողություն էին սահմանել սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանի և գյուղապետի տների մոտ: 

Սպանված Հակոբյանը, պարզվում է, քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է։

Ի դեպ,  երեք տարի առաջ Արմավիր ՔԿՀ-ում գրանցվեց միջադեպ, որի ժամանակ փորձել էին կտրել Մեխակ Հարությունյանի կոկորդը։ 

Ոստիկանությունից կամ Քննչական կոմիտեից այս դեպքի առումով դեռևս մանրամասներ չեն հաղորդում։ Առայժմ միայն տեղացիների՝ չպարզաբանված ենթադրությունններն են առկա, թե հնարավոր է, որ այսօր տեղի ունեցած սպանությունը նախկինում եղած միջադեպերի շարունակությունն  է՝ «վենդետան»։