ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Մաթևոս Ե. ) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին՝ Արևահատ Հ.-ին: Կարեն Հ.-ն հոսպիտալացվել է Շենգավիթի ԲԿ, իսկ Արևահատ Հ.-ն՝ «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: