Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փասով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում կրակոցներ են հնչել:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Հ. Ավետիսյան փողոցում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Հ.-ի, 27-ամյա Լևոն Հ.-ի, 31-ամյա Գոռ Գ.-ի և այլ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և այդ պահին Դավիթ Հ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող գազային ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:

Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, հիվանդանոցային ոչ մի ահազանգ ոստիկանությունը չի ստացել ու, հավանաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան:

Նշված 3 անձինք ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել Նոր Նորքի ոստիկանություն, որտեղ հետաքննիչի որոշմամբ Դավիթ Հ.-ն ձերբակալվել է, իսկ Լևոն Հ.-ն և Գոռ Գ.-ն բաց են թողնվել:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Դավիթ Հ.-ի հարազատի ընկերը նշված գազային ատրճանակը ներկայացրել է ոստիկանություն:

Ըստ տեղեկություններով՝ Դավիթ, Լևոն Հ.-երը հարազատ եղբայրներ են:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: