ՀՀ-ում ժողովրդավարությունն առավել է ամրացել․ ԱՄՆ-ն ավելացրել է Հայաստանին տրվող գումարը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։

Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ծրագրերը։

ԱՄՆ կառավարությունն այս միջոցներով աջակցել է Հայաստանում ժողովրդավարական զարգացման խթանմանը շատուշատ ուղղություններով, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, անտառային ծառայություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, և պետական կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների ամրապնդում, այդ թվում՝ իրավապահ, արդարադատության և դատաիրավական ոլորտներում։

«Միացյալ Նահանգները վերջին 27 տարիներին աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների  զարգացմանը, և մենք մտադիր չենք փոխել դա հատկապես այժմ, երբ ժողովրդավարությունն, առավել քան երբևէ, ամուր է Հայաստանում։ Հենց այս պատճառով էլ հպարտությամբ փաստում ենք, որ այս տարի աջակցությունը կազմում է ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար», - նշում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

1992թ․-ից սկսած Միացյալ Նահանգները Հայաստանի հատկացրել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ բարելավելու ժողովրդի կենսապայմանները և աջակցելու  ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման ամրապնդմանն ուղղված ջանքերին։