Թուրքիայի ՊՆ-ն պնդում է, թե Սիրիայում ռազմական գործողությունից քաղաքացիներ չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

հրդեհ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ՊՆ-ն պնդում է, որ ռազմական գործողության ընթացքում քաղաքացիական անձինք չեն տուժել և վնաս չեն հասցրել պատմական-կրոնական կառույցներին և շրջակայքին:

«Թել Աբյադի և Ռաս ալ-Այնի եկեղեցիները նույնպես գործողությունից ոչ մի կերպ չեն վնասվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Գրառմանը կից հրապարակվել են նաև Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում գտնվող եկեղեցիների լուսանկարներ:  

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Թուրքիայի ռազմագործողությունից բազմաթիվ քաղաքացիական անձինք են մահացել, մի մասն էլ վիրավոր է․ նրանց դեմ քիմիական զենք է կիրառվել։ Վնասվել էին նաև Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների պատմական կառույցներն ու եկեղեցիները: