Անահիտ Ֆարմանյանը կկալանավորվի․ նախկին պրոռեկտորի խափանման միջոցը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Անահիտ

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ 

«Դատարանը նոյմբերի 2-ին բավարարել է քննիչի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: 

Անահիտ Ֆարմանյանի անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել էին, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն, և չեն կարող ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:

Հոկտեմբերի 31-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությունը, վերացվել է, և նոյեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Սոնա Գրիգորյան