Մեր պետությունն ունի ամուր անցյալ և խոստումնալից ապագա, մնում է պարզենք ապագան․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Զաքարյան Արտակ

ՀՀԿ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսուբյան էջում գրել է․

«ՀԱՅԱՍՏԱՆ 2020.
ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԵԿԱՆ ՉԷ: ԱՅՆ ՈՒՆԻ ԱՄՈՒՐ ԱՆՑՅԱԼ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ: ՄՆՈՒՄ Է ՊԱՐԶԵՆՔ ՆԵՐԿԱՆ:

Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ: Ըստ նրա, կյանքը Հայաստանում սկսվել է բոլորովին վերջերս՝ 2018թ. կեսերից: Մինչ այդ եղածը կամ հետևողականորեն պետք է մոռանալ ու աղավաղել, կամ էլ փնտրել ու գտնել միայն քրեականը: Իսկ եթե այնուամենայնիվ նախկինում կյանք եղել է, ապա պետք է այն քրեականացնել ու հայտարարել “մեղավորներին”:

ԱԺ-ում 2020թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ևս առաջ են տարվում հենց վերոնշյալ տրամաբանությամբ: Հատկապես հետաքրքիր է, որ ցուցանիշների համեմատություններն արվում են ոչ թե 2019թ.-ի այլ 2018թ. նկատմամաբ: Իհարկե, իմաստ ունի, որովհետև պարզ հասարակ քաղաքացիները դրանում չեն խորանում՝ իսկ արդյունքում թվերն ու ցուցանիշները էլ ավելի տպավորիչ են դառնում: Օրինակ ՀՀ ՊՆ ռազմական ծախսերի 0,8 % աճը լավ չի հնչում, հետևաբար կարելի է ասել 25-26 % աճ 2018թ. նկատմամաբ, ու այդպես մանիպուլյացիան տարեցտարի “կկատարելագործվի” ու կդառնա ավելի “էֆեկտիվ”:

Այնուամենայնիվ, 2018թ. մայիսից առաջ էլ կյանք է եղել մեր երկրում, պետություն ենք ունեցել, քաղաքացիներ, որոնք բյուջեից տարիներով աշխատավարձ, նպաստ ու թոշակ են ստացել, տնտեսություն՝ որը տարեցտարի ամրացրել ու զարգացրել է իր կարողությունները՝ սնելով նաև պետական ու հանրային կյանքը, սոցիալական համակարգ որը կայացել է գրեթե ոչնչից, իրավական համակարգ, որն արդեն մեկ տարի հետևողականորեն ոտնահարվում է, ու դեռ էլի մնում է կանգուն, պետական բազմաթիվ ինստիտուտներ՝ որոնցից յուրաքանչյուրը լավ թե վատ կայացել ու ամբողջացրել է Հայաստան պետության ինստիտուցիոնալ կարգը:

Պետական ու հանրային բազմաբովանդակ ծախսերի կողքին միշտ էլ ուշագրավ է եղել ԶՈՒ կայացմանն ու զարգացմանն ուղղված հանրային միջոցները: Պետության պաշտպանությունը մի ամբողջական համակարգ է, բաղկացած բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներից: Մեզ համար բանակ պահելը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն ու մեծ պատասխանատվություն:

Հետևաբար ցանկանում եմ անդրադառնալ վերջին տաս տարիներին ՀՀ ԶՈՒ կարիքների համար հատկացված հանրային միջոցներին՝ ըստ պետական բյուջեի ցուցանիշների:

2008թ. Պաշտպանության նախարարության բյուջեն կազմել է 125,5 մլրդ դրամ՝ որից 120,5 մլրդը զուտ ռազմական ծախսերն են եղել:

2009 թվականին՝ ՊՆ բյուջեն կազմել է 149,6 մլրդ դրամ, որից 144,3 մլրդն ուղղվել է ռազմական կարիքներին: Այսինքն նախորդ տարվա համեմատ պաշտպանական բյուջեն աճել է 19,2 %-ով, կամ 24,1 մլրդ դրամով:

2009 թ-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության հետևանքով 2010թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2009թ. նկատմամաբ նվազել են 17,2 %-ով, կամ 159,9 մլրդով: Հետևաբար 2010թ. ՊՆ բյուջեն համապատասխանաբար նախատեսվել էր 135,7 մլրդ (որից 130,3 մլրդ զուտ ռազմական ծախսեր)՝ նախորդ 2009թ. համեմատ նվազելով 13,9 մլրդով կամ 9,2 %-ով: Հարկ է նկատել, որ պետական բյուջեի 19,2 % կրճատման պարագայում պաշտպանական բյուջեն կրճատվել է 9,2 %-ով:

2011թ. ՊՆ բյուջեն կազմել է 146,2 մլրդ դրամ, որից 140,1 մլրդն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Ֆինանսական ճգնաճամից հետո մեկ տարվա ընացքում այն գրեթե վերականգնել է 2009թ. ցուցանիշը՝ աճելով մոտ 9 %-ով:

2012թ. պաշտպանական բյուջեն կազմել է 154,5 մլրդ՝ որից 148,3 մլրդը հատկացվել է ռազմական կարիքներին: 2011թ. բյուջեի նկատմամաբ 2012թ. ռազմական բյուջեն ավելացել է 8,3 մլրդով կամ 5,6 %-ով:

2013թ. ՊՆ բյուջեն կազմել է 182,7 մլրդ դրամ՝ որից 176,3 մլրդ դրամն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Այսինքն 2012թ. նկատմամբ 2013թ.-ին պաշտպանական բյուջեն ավելացել է 28,2 մլրդով կամ 18 %-ով:

2014թ. ՊՆ բյուջեն կազմել է 194,1 մլրդ դրամ՝ որից 187,1 մլրդ դրամը հատկացվել է ռազմական կարիքներին: 2013թ. համեմատ 2014թ. պաշտպանական բյուջեն աճել է 11,4 մլրդ դրամով կամ 6,2 %-ով:

2015թ.-ին պաշտպանության ոլորտի բյուջեն կազմել է մոտ 199 մլրդ դրամ, որից 191,6 մլրդը ռազմական պաշտպանությանը: 2014թ.-ի համեմատ ՊՆ բյուջեն ավելացել է 4,9 մլրդ դրամով կամ 2,5 %-ով:

2016թ. ՊՆ բյուջեն կազմել է մոտ 207,3 մլրդ դրամ՝ որից 199,6 մլրդ դրամը հատկազվել է ռազմական պաշտպանության ապահովման ծախսերին: 2015թ. նկատմամաբ պետության պաշտպանական ծախսերը 2016թ-ին փաստացի աճել են 8,3 մլրդ դրամով կամ 4,15 %-ով:

2017թ. ՊՆ բյուջեն կազմել է 209,8 մլրդ դրամ՝ որից 202,1 մլրդը զուտ ռազմական կարիքների համար: 2016թ. նկատմամաբ 2017թ. բյուջեն ավելացել է 2,5 մլրդ դրամով կամ 1,2 %-ով:

2018թ (ի նկատի ունեցեք, որ այն ևս պլանովորել և ընդունել են նախորդ “ռեժիմի” ներկայացուցիչները ներկայիս իշխանավորող շատ պետական պաշտոնյաների հետ մեկտեղ) պաշտպանական բյուջեն կազմել է 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ 2017թ. նկատմամաբ ավելացել է 38,1 մլրդ դրամով կամ 18,1 %-ով: Ռազմական պաշտպանությանը 2018թ. տրամադրվել է 238,2 մլրդ դրամ՝ որը 2017թ. համեմատ ավելացվել է 36,1 մլրդ դրամով:

Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015թ. ստոարգրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Համաձայնագրով նախատեսված սպառազինությունն ու տեխնիկան ամբողջովին մատակարարվել է 2016-2017թթ. ընթացքում: Բացի այդ 2017թ. ՌԴ հետ ստորագրվել է մեկ այլ ռազմական նշանակության արտոնյալ համաձայնագիր, որով ՀՀ ռազմական կարողություններն ավելացվել են ևս 100 մլն ԱՄՆ դոլարին (48 մլրդ դրամ) համարժեք սպառազինությամբ:

Նշեմ նաև, որ 2017-ի հուլիսին ՀՀ կառավարությունն ի դեմս ֆինանասների նախարարի հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում: Դրա նպատակը ոչ թե անվանական որևէ ծավալի ռազմական բյուջե ունենալն է, այլ ռազմական ծախսերին ուղղվող գումարը հենց ՀՆԱ 4 %-ին հասցնելը (մոտ 600 մլն դոլար մինչև 2020 թվականը):

2019թ. ՊՆ բյուջեն կամել է 311 մլրդ դրամ (650 մլն ԱՄՆ դոլար)՝ որից 300,4 մլրդը նախատեսվել է ռազմական պաշտպանության ծախսերի համար: 2018թ. համեմատ պաշտպանական բյուջեն ավելացել է 63,1 մլրդ դրամով կամ 25,4%-ով:

2020թ. պաշտպանության նախարարության բյուջեի նախագծով նախորդ տարիների աճի տեմպը անկում է ապրել, մասնավորապես ռազմական պաշտպանությանն ուղղված ծասերի առումով՝ ընդամենը մոտ 0,8 %-ով: Սա բացատրվում է նրանով, որ զուտ ռազմական ծախսերը չեն կարող գերազանցել ՀՆԱ 4%-ը՝ ինչն այսօրվա դրությամբ կազմում է 625 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:

Գործող կառավարությունը եթե չկարողանա հաջորդ տարիներին ավելացնի ՀՆԱ ծավալները, ապա պաշտպանական համակարգի և հատկապես ռազմական նշանակության ծախսերի աճն ըստ էության սահմանափակվելու է 2020թ. եղածով: Սա նշանակում է, որ պոպուլիզմն ու սոցիալական թոզփչոցին այլևս օրակարգային ու կարևոր չեն լինելու և բոլորս պետք է սևեռված լինենք մեր երկրի տնտեսական զարգացմանը:

Վերջում ընդգծեմ, որ ժողովրդավարական իշխանափոխության արդյունքում առաջացած թավշյա խառնաշփոթը չպետք է մեզ կտրի իրականությունից: 2008-2018թթ. (2019թ. բյուջեն ներառյալ, քանի որ այն նախկին տնտեսական քաղաքականության իներցիոն արդյունքներն են) 10 տարիների ընթացքում, բացառությամբ 2010թ., մնացյալ բոլոր տարիներին ՀՀ ՊՆ բյուջեն հետևողական աճ է գրանցել 125,5 (120,5 մլրդ ռազմական ծախսեր) մլրդ դրամից հասնելով 247,9 (238,2 մլրդ ռազմական ծախսեր) մլրդի (կրկնակի աճ): Բյուջետային այս միջոցներին պետք է ավելացնել նաև ՌԴ-ից ստացված 300 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով երկու վարկային միջոցները, որոնք վերջին երեք տարիներ համար հավելյալ մեծ ներդրում էր ՀՀ ԶՈՒ պաշտպանողական և հարձակողական կարողությունների ավելացման համար»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news