Շատ տխուր և ողորմելի վիճակ էր. Ժիրայր Դադասյանը՝ «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

Շատ տխուր և ողորմելի վիճակ էր, ամեն ինչ անտաղանդ էր ներկայացված։ 24News-ի հետ զրույցում այսպես նկարագրեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացումը, որն արդեն մի քանի օր է բուռն քննարկման առարկա է դարձել հասարակության շրջանում։

Հարցին, թե ներկայացումը կարելի՞ է համարել արվեստի գործ, Ժիրայր Դադասյանը նախ ծիծաղեց, իսկ հետո ասաց․ «Սա պերֆորմանս ոճի ներկայացում էր, որն արդեն պրովոկացիա է պարունակում, ուղեկցվում է ասելիքի սրացմամբ, դրա համար պետք է շատ լավ մտածված լինի, դիտարկված բոլոր կողմերից»։

Հիշեցնենք, որ «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացումը տեղի էր ունեցել նոյեմբերի 2-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում։ 

Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ ինքը ափսոսում է՝ երիտասարդները ձախողեցին և չկարողացան տեղ հասցնել ասելիքը։

«Արանքում մնաց սկանդալը, ինչը շատ բնական է ներկայիս իրավիճակում, երբ հասարակությունը բաժանված է երկու մասի, երբ մարդկանց նյարդերը բաց վիճակում են։ Մեր հանդիսատեսը հիմա ամեն ինչին է սուր արձագանք տալիս՝ ամեն բառին ու խոսքին, երևույթին։ Մեր մշակութային դաշտը ոչնչացված վիճակում է, իսկ եթե քո ասելիքը վեր է բաժանված երկու մասերի գաղափարներից, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ շատերը քննադատում են ներկայացումը՝ նշելով, որ ԼԳԲՏ քարոզ էր, Ժիրայր Դադասյանը նշեց, որ մինչև վերջ չի նայել ներկայացումը, սակայն անգամ ակնարկն այդ մասին կարող էր վրդովեցնել մարդկանց։

«Վերջին շրջանում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ուժեղ պայքար է ընթանում, և դրա ֆոնին հանրային վայրում անցկացված ներկայացմանը եթե ակնարկ լինի, ապա մարդկանց զայրույթը կառաջացնի։ Բայց ինձ համար ավելի զարմանալի էր, որ ներկայացման հեղինակները հետո հանդես եկան ելույթով ու ասացին՝ սա նոր հեղափոխական մշակույթ է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ներկայացման համար բյուջեից տրամադրված 2,7 մլն դրամից, Ժիրայր Դադասյանը խնդիր չի տեսնում։

«Հավանաբար պրոյեկտը շատ լավ ներկայացված է եղել, բայց մի բան է ներկայացնելը, մի ուրիշ բան իրագործելը, ինչը արվեց շատ անտաղանդ ու խղճուկ»,-ասաց նա։