Աշտարակ-Թալին ավտոճանապարհին վարորդը վրաերթի է ենթարկել 2 հոգու և դիմել փախուստի. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News 

.

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկին էլ օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ էին, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ: