Իսրայելի նախկին նախարարները կոչ են անում ճանաչել ցեղասպանությունը. «The Jerusalem Post»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ծիծեռնակաբերդ

«The Jerusalem Post» պարբերականը գրում է, որ Իսրայելը ժամանակին չի վարվել այնպես, ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վարվեց օրերս, և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը  գլխավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով:

«Դա շատ անողջունելի իրավիճակի հանգեցրեց, երբ մի պետություն, որը ստեղծվել է ցեղասպանությունը վերապրած մարդկանց կողմից, չմտավ մեկ այլ փոքրամասնության դրության մեջ, որը հայտնվել էր նմանատիպ իրավիճակում»,- գրում է պարբերականը, ապա նշում, որ այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի ուղղելու իր սխալները: 

Թվիթերյան միկրոբլոգում նմանատիպ գրառում է արել նաև Իսրայելի կրթության և ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարը։

«Ողջունում եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային քայլը՝ 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ: Իսրայելը նույնպես պետք է հստակ հայտարարի այդ վայրագության ճանաչման մասին»,-ասել է նախարարը:

Դրամատուրգ, լրագրող և Իսրայելի ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ձայն էր հանուն պատմական ճշմարտության և արդարության: Պետք է թույլ չտալ, որ Թուրքիան վախեցնի աշխարհին, որպեսզի ցեղասպանությունը չճանաչվի: Ես շարունակելու եմ պայքարել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ Այժմ հերթը Սենատինն է: