Մեղք է ՌԴ-ից նեղանալը, ՀՀ-ն ունի այնպիսի սպառազինություն, ինչպիսին չի ունեցել երբեք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո ասաց, որ Ադրբեջանին զենք վաճառելու թեման չի քննարկվել այս նիստում, քանի որ դա խորհրդարանական վեհաժողովի իրավասությունների տիրույթում քննարկվող հարց չէ։

Ինչպե՞ս է Կալաշնիկով վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, դիտարկմանը կոմիտեի նախագահը նկատել է․ «Ռուսաստանը զենք վաճառում է ոչ միայն Ադրբեջանին։ Ռուսաստանը զենք է վաճառում և՛ իր դաշնակիցներին, և՛ իր գործընկերներին, իսկ դաշնակիցներին վաճառում է շատ ավելի շատ, և այնպիսի զենք, ինչպիսին երբեք չի վաճառում այլ երկրների»,- ասել է Կալաշնիկովը ապա հավելել, որ մեղք է ՌԴ-ից նեղանալը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեզ անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, Կալաշնիկովն ասել է․ «Իհարկե, դա անհանգստացնում է այնպես, ինչպես Ադրբեջանին էլ անհանգստացնում է այն, որ մենք Հայաստանին վաճառում ենք նորագույն զինատեսակներ»։