Վատ բան է, որ հայ զինվորները զոհվում են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված զենքից․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Քոչարյան

«Շատ վատ բան է, որ հայ զինվորները զոհվում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքից»: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մի՛ մոռացեք, որ նմանատիպ սպառազինությամբ նաև մեր զինված ուժերն են հագեցած: Խնդիրը խաղաղության հասնելն է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային հարց է,  և հակառակորդը չպետք է ունենա որոշակի առավելություն զինատեսակի առումով:

Հիմա շատ է նշվում, որ իրենց բյուջեում ավելի շատ հատկացումներ են, մերը քիչ է, բայց դուք մոռանում ենք, որ իրենց բյուջեի կառուցվածքը մի քիչ այլ է, քան մերը: Իրենք պահում են կովկասյան նավատորմ, որը չի մտնում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության շրջանակում: Եթե նայենք համամասնությունների մեջ, մենք, կարծում եմ, մեր զինված ուժերի կառավարելիության աստիճանը բարձրացնում ենք: Մենք պետք է ձգտենք ավելիին, քան ունենք այսօր, և դրան են միտված այսօրվա բոլոր քայլերը, որոնք արվում են ՀՀ կառավարության կողմից՝ ԶՈՒ արդիականացման և կադրային համալրման առումով»,-ասել է Քոչարյանը:

«Չեմ կարծում, որ բալանսը խախտված է: Ադրբեջանը պարզապես ավելի շատ զինատեսակներ է գնում, բայց ես եկեք չխոսեմ, թե մենք ինչ խնդիրներ ենք լուծում: Ես կարծում եմ, որ մեր պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց մեր բանակի սպառազինության զեռքբերման հեռանկարների մասին: Դա պետք է բավարար լինի: Պետք է վստահենք նախարարի ասածներին, որովհետեւ նախարարը չի կարող չհիմնավորված որեւէ նման տեղեկատվություն տալ»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը պետք է հասնի նրան, որ Ադրբեջանին զենք մատակարարելով չխախտվի բալանսը, ինչո՞ւ այդ հարցն օրակարգային չեք դարձնում ՀԱՊԿ-ի շրջանակներում, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ եթե Վաղարշակ Հարությունյանը նման տեսակետ է ասել, պետք է նրա փորձը, նրա կապերը այդ կառույցների հետ եւ տեղեկատվությունն ընդունենք ի գիտություն:

«Պետք է ուսումնասիրվի, թե Վաղարշակ Հարությունյանն ինչ նկատի ուներ, որովհետև ես նրա կողմից հնչեցրած այլ տեսակետներ էլ գիտեմ: Նրա հետ իմ շփումները խոսում են այն մասին, որ սպառազինության մրցավազքի առումով մենք մտահոգություններ ունենք, բայց ոչ այնպիսի սուր ընկալումներով, ինչպես դուք հնչեցնում եք»,-ասել է Քոչարյանը ապա նշել, որ հարցը բոլոր հարթակներում ինչ-ինչ ձևաչափերով բարձրացվում է, սակայն ՀԱՊԿ ընդհանուր հարթակում այսօր այդ հարցը չի քննարկվում:

«ՀԱՊԿ-ն իր ձևավորման ընթացքի մեջ է, գնում է ուժեղացման, հստակեցման գործընթացների իրականացմանը: ՀԱՊԿ-ն այսօր կարողանում է ձեւավորել այն օրակարգը, որը վաղը կտա հնարավորություն բոլոր հարցերին ավելի հստակ պատասխաններ տալու, նույնիսկ կանխելու այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են աղետալի լինել ՀԱՊԿ անդամ կամ ոչ անդամ պետությունների հակամարտությունների շրջանակում»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը: