Երկարաժամկետ տնտեսական աճի վերագնահատում ենք արել, 4.5-ի փոխարեն սպասվում է 5% աճ․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ՀՀ կենտրոնական բանկը վերագնահատել է երկարաժամկետ տնտեսական աճը: ԿԲ-ն նախկին 4.5 տոկոսի փոխարեն արդեն կանխատեսում է 5 տոկոս երկարաժամկետ տնտեսական աճ:  Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

«Երկարաժամկետ տնտեսական աճի վերագնահատում ենք արել: Նախկինում մեր գնահատականները 4-5 տոկոս էին, միջինում՝ 4.5 տոկոս: Ներկայում մեր գնահատականը վերանայել ենք դեպի վերև՝ 5 տոկոս: Դա հիմնականում կապված է աշխատուժի շուկայում գրանցված զարգացումների հետ»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ  սահմանահատումների սալդոն նախորդ տարիներին բացասական էր, 2018-ից այն արդեն չեզոք է, նույնիսկ որոշակիորեն դրական: Գրիգորյանը նկատեց՝ Ազգային վիճակագրական ծառայության՝ աշխատուժի առաջարկի ցուցանիշներում ևս դրական զարգացումներ կան: ԿԲ-ի գնահատականներով՝ դա կպահպանվի նաև ապագայում, և աշխատուժի կրճատում չի սպասվի: «Եվ դրա ներքո տնտեսական աճի կայուն մակարդակը մենք երկարաժամկետ հատվածում վերագնահատել ենք՝ 4.5-ից դարձնելով 5 տոկոս»,-նշեց նա:

Տնտեսական աճը հիմնականում տեղի է ունենում արտադրողականության աճի հաշվին: Քանի որ ծառայությունների և արդյունաբերության աճերը շատ բարձր են, իսկ գյուղատնտեսության աճը՝ ցածր,  աշխատուժը, ԿԲ-ի գնահատականներով գյուղատնտեսության  սեկտորից տեղափոխվում է մյուս սեկտորներ, որտեղ ինքն ավելի արտադրողական է: Գրիգորյանը նշեց՝ դա տնտեսական աճի հիմնական գործոններից մեկն է այս պահին:

ԿԲ-ն սեպտեմբերի ցուցանիշներից ելնելով ակնկալում է, որ ՀՆԱ-ի աճը կկազմի 6.9 տոկոս: Աճն ապահովում են հիմնականում արդյունաբերությունն ու ծառայությունները: «Այնուամենայնիվ, հոկտեմբերի դրությամբ, նայելով առկա ցուցանիշներին, մենք գտնում ենք, որ այդ աճի տեմպը կպահպանվի, նույնիսկ հնարավոր է, որ 6.9 տոկոսից ավելի բարձր՝ 7 կամ  7.1 տոկոս ցուցանիշ ունենանք»,-եզրափակեց Գրիգորյանը: