ՍԴ անդամները հարցաքննված չեն, փոխարենը հարցաքննված են ՍԴ հավաքարարները․ Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը հայտարարեց, թե այն, ինչ այսօր ասացին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, «լկտի սուտ էր»։

Դատարանը կոչ արեց թույլ չտալ վիրավորական արտահայտություններ։

«Ընդունում եմ, ուղղակի դժվար էր դիմանալը», - ասաց Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ բոլոր դատական նիստերում, որոնք տեղի են ունեցել մինչ օրս, ընդամենն ասվել է, որ Քոչարյանը կխոչընդոտի ու որպես հիմնավորում բերվել է Քոչարյանի հնարավորությունները։

«Բայց որևէ հիմնավորում չբերվեց, թե որ գործողությանը կարող է խոչընդոտել պարոն Քոչարյանը։ Խոսվում է միայն Քոչարյանի մասին, բայց մենք գիտենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրված հինգ անձի։ Ես այս բանը հանգիստ եմ ասում, քանի որ նախորդ դատական նիստում գործընկերս ՝ Միհրան Պողոսյանը, այդ մասին բարձրաձայնեց ու ասաց, որ անհավասարություն է ստացվում, որ մյուս մեղադրյալների մասով նույն պարագայում, նույն մեղադրանքի պայմաններում կիրառվում է խափանման միջոց, որը կապված չէ ազատազրկման հետ, բայց պարոն Քոչարյանի նկատմամբ այդ խափանման միջոցն ազատազրկումն է։ Միայն այս հանգամանքն արդեն թույլ է տալիս մեզ ասելու, որ սա քաղաքական հետապնդման հետևանք է», - նշեց պաշտպանը՝ հավելելով, որ խոսվում է պարկուճները փոխելու մասին․

«Պարկուճներն ո՞վ է փոխել, մեղադրանքի մեջ կամ ամբողջ գործում որևէ տեղ կա՞ գրված՝ Քոչարյանը փորձել է, կատարել է, հանձնարարել է այդ գործողությունը կատարել։ Սահմանադրական դատարանի անդամների վրա ճնշում գործադրելը... եթե այդ անձիք չեն հարցաքննվել, սա խայտառակություն է, որ մեղադրանքը կա, բայց ՍԴ անդամները հարցաքննված չեն, դրա փոխարեն հարցաքննված են ՍԴ հավաքարարները», - ասաց փաստաբանը։