Հոկտեմբերին սպառողական շուկայում ապրանքների գներն աճել են 0,2-0,7 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

հաց

2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0,2-0,7 %-ով․ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական շուկայի հոտեմբեր ամսվա ցուցանիշները։

Ըստ այդ հրապարակման՝ 2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1 % գնաճ, ինչին նպաստել են բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 5,2 % և 6,7 % գնաճերը:

Մրգի ապրանքախմբում 2019 թ. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8,3 %, իսկ 2 ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ` 6,7 % գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 1,5-9,8 %-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում։

2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5,75 %, ինչը նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0,5 %-ով։ 

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0,5 % գնաճ, մասնավորապես, ձվի գինը 0,9 % աճել է։

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0,4 % գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0,2 % գնաճ: 

Մսամթերքի ապրանքախմբում 2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում:

Նույն ժամանակաշրջանում նվազել է շաքարի և շաքարավազի ապրանքախմբի գինը՝ 4,2 %-ով, իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 0,1 %-ով։ Յուղերի և ճարպերի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հասմիկ Կիրակոսյան