Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Շանհայում մեկնարկած միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

պատվիրակություն

Չինաստանի Շանհայ քաղաքում  նոյեմբերի 5-ին, մեկնարկել է Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Բացման արարողությանը հաջորդել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային պատվիրակությունների անդամների շրջայցը ազգային տաղավարներով:

Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է գործարար տաղավարով, որտեղ ցուցադրված են հայկական արտադրության խմիչքներ, մասնավորապես կոնյակ և գինի: Արարատի կոնյակի գործարանին և Գինեգործության և խաղողագործության հիմնադրամին հատկացված է առանձին տաղավար, որում Գինեգործության և խաղողագործության հիմնադրամը ներկայացնում է հայկական 15 գինեգործական ընկերությունների արտադրանքը:

Ցուցահանդեսի հիմնական 5 և հավելյալ 10 օրերի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարում կներկայացվեն հայկական մշակույթը, զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելությունները, արդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները, կկազմակերպվի հայկական ընկերությունների արտադրատեսակների, մասնավորապես խմիչքի, շոկոլադի և չրերի համտես: Հայկական տաղավարում կցուցադրվեն նաև Հայաստանի մշակույթը և տնտեսությունը ներկայացնող տեղեկատվական գրքույկներ, թերթիկներ և տեսահոլովակներ։

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Բացումը և նորարարությունը՝ "Win-Win" համագործակցության համար» համաժողովը, որին զուգահեռ կընթանան հետևյալ պանելային քննարկումները.

«Բացումը, կարգավորումը և գործարար միջավայրը. կառավարությունների դերը և բազմազգային կորպորացիաների հեռանկարները»,

«Արհեստական բանականություն և նորարարական զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ»,

«ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) բարեփոխում և ազատ առևտրի համաձայնագիր. հնարավորություններ և հեռանկարներ»,

Էլեկտրոնային առևտուրը թվային դարաշրջանում. նոր հարթակ և նոր տեսլական»։