ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Կարեն Իսախանյանը եւ Լիլիա Շուշանյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդունել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակությանը՝ Հայաստանի հարցերով պատասխանատու Օլեսիա Տոլոչկոյին եւ վավերացման գործընթացի ղեկավար Լիդիա Կիլպիին, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։
Քարտուղարության պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի միջազգային վավերացման գործընթացի շրջանակում՝ գնահատելու Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման ընթացքը:
Նախարարի տեղակալներն իրենց խոսքում կարեւորել են ԱՃԹ նախաձեռնությունը (EITI), ինչը թույլ է տալիս համագործակցային ձեւաչափով բացահայտելու հանքարդունաբերության ոլորտում առկա խնդիրները, ապահովելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ու այս ճանապարհով բարելավելու հանքարդյունաբերության նկատմամբ հանրային վստահությունը:
Այն կառավարության, գործարար հատվածի եւ հասարակության միջեւ երկխոսության խթանման եւ հարցերի համատեղ քննարկման կարեւոր հարթակ են համարել:
Փոխնախարարները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են ԱՃԹՆ ստանդարտների ներդրման գործընթացը, նախաձեռնության վերահսկող մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) կողմից կատարված աշխատանքները:
Քարտուղարության անդամները շնորհակալություն են հայտնել կատարված աշխատանքների համար եւ նշել, որ ողջունելի է տեսնել իրական սեփականատերերի եւ տեղեկատվության համակարգված բացահայտման ուղղությամբ կատարված արդյունավետ քայլերը:
Հանդիպմանը հյուրերը հետաքրքվել են Հայաստանում ԱՃԹՆ ստանդարտների ներդրման ընթացքով, ԲՇԽ-ների ձեւավորմանը, վերջիններիս հիմնական գործառույթներին, ինչպես նաեւ հանքարդյունահանող կազմակեպությունների եւ քաղաքացիական հասարակության թեկնածու անդամների առաջադրման ընթացակարգերին վերաբերող հարցերով եւ այս ուղղությամբ կատարված աշխատանքներով:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ է միջազգային վավերացում անցնում: ԱՃԹՆ-ի ստանդարտի համաձայն, ԱՃԹՆ իրականացնող բոլոր երկրները ենթակա են պարբերական գնահատման(վավերացման): Համապատասխանող երկրի կարգավիճակ ստանալու համար թեկնածու երկիր ճանաչվելուց հետո 2.5 տարի անց երկիրը պետք է անցնի միջազգային վավերացման գործընթաց ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից նշանակված վավերացնողների կողմից: Վավերացման ժամանակ գնահատվում է, թե որքանով է երկիրն իրականացրել ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջները, պահպանել վերջնաժամկետները,իրականացրել աշխատանքային ծրագիրը, ինչպես նաեւ գնահատվում է ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացի թափանցիկությունը՝ բազմաշահառու խմբի եւ ազգային քարտուղարության աշխատանքը: