Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

քայլ

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:

Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները՝ կարևորելով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։

Այս առնչությամբ նախարարի կողմից մարզպետներին հանձնարարվել է ապահովել տեղերում ընդերքօգտագործման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի և տարածքային ու տեղական իշխանությունների միջև փոխգործակցությունը՝ օրենսդրորեն ամրագրված նորմերը պահպանելու նպատակով։ Ընդգծվել է նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում հանրային լսումների կազմակերպման փուլում հանրության հետ ամբողջական տեղեկատվական և բացատրական աշխատանքների անցկացման կարևորությունը։

Խորհրդակցությանը նախարար Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել նաև համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիայի ծրագրերի շինաշխատանքներում որակական նորմատիվների և ժամկետների պահպանման, օրակարգում ընդգրկված այլ հարցերից բխող հանձնարարականների կատարման վրա։