Արագածոտնում մեքենա է շրջվել․ կա զոհ ու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

վթար

Նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 LG 976 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հյուսիս-հարավ կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Սարգիս Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ մեկ հոգի, նրա համագյուղացի, 26-ամյա Արայիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։