Եթե պետք լինի, ապա էլի կանենք. Պավել Մանուկյանը՝ դատարանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գործով դատական նիստի ժամանակ «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը ցուցմունք տալիս հայտարարություն է արել՝ նշելով, որ «Սասնա ծռերի» առջև դրված էր հայրենիքի կորուստը, և նրանք ճիշտ քայլ են արել, եթե անհրաժեշտ լինի, ապա էլի են անելու։ 

«Թե՛ կամավորագրման պահով, թե՛ ՊԲ նախարարի հետ անձամբ եմ խոսել, որ դադարեցնում ենք քաղաքական գործունեությունը․ մենք պատրաստ ենք աջակցել պետությանը։ Բոլոր մեր մեթոդներն արժանացել են ռեժիմի դժկամությանը, չոր մերժման ու հալածանքին։ Մեր առջև դրված էր հայրենիքի կորուստը, և մենք ճիշտ ենք արել, եթե պետք լինի, ապա էլի կանենք։ Եթե հայ ժողովրդի առաջ գործում են պետական տեռորով, այնպես որ, սիրելի՛ տիկնայք, ձեր ամուսիններին սպանողներն այստեղ նստած չեն»,- ասել է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու համար մեղադրվում է 32 անձ: 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։