Բաքվում Սպիտակցի Հայկո լսող ադրբեջանցին ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Նախօրեին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է թե ինչպես են ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներով մեքենայով շրջելիս հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը լսում։ Տեսանյութը արագ տարածվել է սոցկայքերում և մեծ խուճապ առաջացրել։ Գրում է regionmonitor.com-ը:

Բաքվի ոստիկանությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բաքվի ոստիկանության վարչությունը բացահայտել է անձի ինքնությունը, ում մեքենայի մեջ հայկական երաժշտություն են լսել։ Վերջինս ձերբակալվել է։

«Ոստիկանության աշխատակիցները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատել են անձի ինքնությունը, որն իր մեքենայում հայկական երգ է լսել: Նա ձերբակալվել է»,- ասել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիևը: