«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատճառվել է մոտ 85.5մլն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

ԱՍ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի եւ հողամասի վարձակալության գործընթացը: Ուսումնասիրությունների լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ ու փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Արդյունքում պարզվել է,որ  «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի եւ մի ՍՊԸ-ի միջեւ, որի հիմնադիրը հանդիսանում է  ՓԲԸ-ի տնօրենի կինը, 2007թ.-ին կնքվել է 25 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր, որով ամսական 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ՍՊԸ-ին է հանձնվել նշված պետական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6580.8 ք/մ մակերեսով շենքը եւ 1.1807 հա մակերեսով հողամասը։

Սկսած 2016թ.՝ ՍՊԸ-ն ամսական վարձավճարները չի կատարել, ինչի հետեւանքով 2019թ, հունիսի 30-ի դրությամբ առաջացել է 13.5 մլն ՀՀ դրամի պարտավորություն:

Ուսումանսիրությամբ պարզվել է նաեւ, որ նշված անշարժ գույքը 2007թ. վարձակալելուց հետո ՍՊԸ-ն նույն տարվանից դրա տարբեր մասերը ավելի բարձր գներով ենթավարձակալության է հանձնել այլ կազմակերպությունների: Տրամադրված յուրաքանչյուր 1276 քմ մակերեսով մարզադահլիճի վարձավճար է սահմանվել ամսական շուրջ 300.000 ՀՀ դրամից մինչեւ 700.000 ՀՀ դրամը կամ ընդհանուր 2552 ք/մ մակերեսի դիմաց՝ ամսական առնվազն 1 մլն ՀՀ դրամ: Նշված տարածքները ՍՊԸ-ին ամսական ընդամենը 480.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու հետեւանքով ՓԲԸ-ն, փաստորեն, որպես եկամուտ չի ստացել ամսական առնվազն 500.000 ՀՀ դրամ, որը 12 տարվա համար կազմում է 72 մլն ՀՀ դրամ:

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողն իր կարգադրիչ կամ այլ լիազորություններն օգտագործել է այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին կամ առավելություններ ձեռք բերելու նպատակով՝ ՓԲԸ-ի նշված շենքը եւ հողամասը ակնհայտ ոչ շահավետ պայմաններով վարձակալության հանձնելով իր կնոջ հիմնադրած ՍՊԸ-ին, վերջինս էլ գույքի մի մասը շուրջ 2 անգամ բարձր գնով ենթավարձակալության է հանձնել այլ իրավաբանական անձանց:  Բացի այդ՝ 2016թ. սկսած ՍՊԸ-ի կողմից պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չվճարելու պայմաններում պետական ՓԲԸ պատասխանատու ծառայողները, ունենալով համապատասխան պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել վարձավճարների գանձման եւ պայմանագրի լուծման ուղղությամբ: Այս առերեւույթ հանցավոր դրսեւորումների հետեւանքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի համար առաջացել են ծանր հետեւանքներ՝ պատճառվել է ընդհանուր մոտ 85.5մլն դրամի վնաս:

 Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

 Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: