Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Հունաստան Հայաստան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ բացի պետությունների միջեւ հարաբերություններից, հայ եւ հույն ժողովուրդները մեծ համակրանք ու եղբայրական զգացումներ ունեն իրար նկատմամբ, ինչը գալիս է դարերի խորքից: Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Հունաստանի խորհրդարանը դեռեւս 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2015 թվականին ընդունել է օրենք, որով քրեականացրել է ցեղասպանության ժխտումը, իսկ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Բացի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կապերից, Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը եւ նշել միջխորհրդարանական շփումներն ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին: Նա հայտնել է, որ իր կիպրոսյան այցի ժամանակ Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ խոսակցություն է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդարանական հնարավոր ձեւաչափի մասին եւ այդ թեմայով շաբաթներ առաջ խոսել է նաեւ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ շատ քիչ երկրներ են մնացել, որոնք դեռ չեն վավերացրել Եվրամիության ու Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, եւ այդ երկրներից մեկը, ցավոք, Հայաստանի բարեկամ Հունաստանն է՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ եւս:

Հունաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ մոտ ժամանակներս իր երկիրը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչից հետո ակնկալում են, որ Հայաստանի եւ Հունաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ անդամ մյուս երկրների հետ հարաբերությունները է՛լ ավելի կխորանան: «Մենք պետք է ջանքեր գործադրենք եւ ընդլայնենք մեր հարաբերությունները»,- ասել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ նշելով, որ հայերի եւ հույների ցեղասպանություններն այն ողբերգական էջերն են, որոնք նույնպես միավորում են երկու երկրներին: