Կայացել է «Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» խորագրով գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

գիտաժողով

2019 թվականը խորհրդանշական տարի է թե՛ Երևանի պետական համալսարանի 100-ամյակը տոնելու, թե՛ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյա հոբելյանը նշելու առումներով: Այս երկու կարևոր իրադարձությունների շրջանակներում Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները ֆակուլտետի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ իրականացրեցին «Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» խորագրով գիտաժողով։ 

«Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» գիտաժողովը ինքնատիպ հարթակ հանդիսացավ, որը համախմբեց ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներին, ֆակուլտետի անձնակազմին, հանրային քաղաքականություն մշակողներին, ուսանողներին, ինչպես նաև հանրային քաղաքականությամբ հետաքրքրված հետազոտողներին, պետական, միջազգային, տեղական, հասարակական կառույցների ներկայացուցիչներին, որտեղ քննարկվեցին հանրային քաղաքականության տարբեր ոլորտներին առնչվող արդիական ու հրատապ հիմնախնդիրները: «Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար դր. Թոմաս Շրապելը՝ իր ելույթում շեշտադրելով նմանատիպ գիտաժողովների անհրաժեշտությունը և կարևորելով գիտության և քաղաքականության միջև արդյունավետ կապը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակի առթիվ շնորհավորեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը՝ նշելով, որ այս գիտաժողովը, որը համախմբել է ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներին շատ սպասված ու կարևոր միջոցառում է և հնարավորություն` ամփոփելու և գնահատելու 15 տարիների ձեռքբերումները։ Պրոֆեսոր Ա. Մկրտիչյանի խոսքերով` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների` մասնագետ-սոցիոլոգների ցանցի ստեղծումը կարող է նպաստել մասնագիտական դաշտում որակի չափանիշների ապահովմանն ու ոչ մասնագիտական մոտեցումներով առաջնորդվող, սոցիոլոգիայի անվան տակ հանդես եկող կազմակերպությունների և անհատների դուրսմղմանը: Անկախության տարիների ընթացքում Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները շարունակաբար իրականացրել են տեսական և կիրառական համալիր հետազոտություններ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Վերջին երկու տարիների քաղաքական, քաղաքացիական փոփոխությունները Հայաստանում հանրային մասնակցության, հանրային քաղաքականության ձևավորման նոր հեռանկարներ են բացել, հետևաբար հետազոտական համայնքի և հանրային քաղաքականություն մշակողների միջև երկխոսության նոր ձևաչափերը ևս ներառված էին մասնագիտական այս հարթակի օրակարգում: Սոցիոլոգները ներկայացրեցին մի շարք կարևոր ոլորտներին առնչվող հետազոտական արդյունքներ` դրանց հիման վրա առաջ քաշելով հանրային քաղաքականության խնդիրների լուծման հայեցակարգային դրույթներ: Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ պետական կառավարման որակի և հիմնավորվածության ապահովման նպատակով սոցիոլոգիական գիտելիքի և մեթոդաբանության կիրառումը, անվտանգային և պաշտպանական ոլորտներում արդիական սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման փորձն ու հեռանկարայնությունը, երիտասարդական, կրթական, տնտեսական, աղքատության հաղթահարման և այլ ոլորտներում հետազոտահետ մոտեցումների կիրառման արդյունավետությունն ու ընդլայման անհրաժեշտությունը հետհեղափոխական պետական կառավարման պայմաններ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ահնրաժեշտությունն ու դրանում սոցիոլոգիական գիտելիքի կիրառման ցածր մակարդակը, միջազգային և տեղական զարգացման ծրագրերում մասնագիտական գործիքակազմի կիրառման հարցերը, և այլն: Աշխատաժողովին մասնակցեցին և իրենց երկրի փորձով կիսվեցին Վրաստանից և Ուկրաինայից հրավիրված մասնագետները: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ.գ.դ., պրոֆեսոր, Արթուր Աթանեսյանը նշեց, որ սոցիոլոգների ակտիվ դիրքորոշումն ու մասնագիտական մոտեցումների կիրառումը հանրային կառավարման ոլորտում, այդ թվում` պետական որոշումների կայացման գործընթացում, պետք է սոցիոլոգիական հետազոտությունների հանդեպ առաջարկ ու պահանջարկ ներկայացնողների մոտ բացառի սոցիոլոգների` որպես պասիվ գործիքի, միջոցի ընկալումը: «ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում մենք մեր ուսանողներին սովորեցնում ենք լինել հանրային կառավարման ոչ թե պասիվ օբյեկտ, ոչ թե միջոց, այլև ակտիվ սուբյեկտը և սոցիոլոգիական մոտեցումների առաջարկի ձևավորմամբ ներազդել հանրային կառավարման օրակարգի վրա»: Գիտաժողովը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի ստեղծման մեկնարկային միջոցառումն էր: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի ստեղծումը նախաձեռնել են ԵՊՀ Սոցիոլոգիայի Ֆակուլտետի շրջանավարտների նախաձեռնող խմբի անդամներ, ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ՝ Գայանե Հովակիմյանը (ՀՀ Արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն), Մարինա Գալստյանը (Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն), Աննա Մալխասյանը (Դի Վի Վի Ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող)։ Ինչպես նշեց Մարինա Գալստյանը. «Կարևորում ենք շրջանավարտների ցանցի հիմնումը, որը հանրային քաղաքականության և հանրային կառավարման տարբեր ոլորտներում սոցիոլոգիական գիտելիքի կիրառման վերաբերյալ, հասարակական տարբեր խնդիրների մասնագիտական քննարկման, հետազոտողների և հանրային քաղաքականություն մշակողների միջև երկխոսության ձևավորման, և իհարկե մասնագիտական շարունակական զարգացման հարթակ կարող է հանդիսանալ»։ Գիտաժողովի շրջանակներում ընդունվեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի ստեղծման հռչակագիրը, որում մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով հանրային քաղաքականության տարբեր ոլորտներում ծառացած կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված սոցիոլոգիական գիտելիքի կիրառման անհրաժեշտությունը, կարևորելով ՀՀ–ում մասնագիտական փորձագիտական գիտելիքի կիրառումը հանրային նշանակության խնդիրներին ուղղված այլընտրանքային մեխանիզմների մասնակցային մշակման հարցում և համոզված լինելով, որ հանրային խնդիրների լուծման գործում լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն փորձագիտական գործուն ներգրավմամբ և ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի, ՏԻՄ- երի, ինչպես նաև միջազգային և այլ տեղական կառույցների հետ արդյունավետ համագործակցության ձևավորմամբ ու զարգացմամբ, նպատակ ունենալով նպաստել հետազոտահեն հանրային քաղաքականության մշակույթի զարգացմանը ու խթանել պետական կառավարման տարբեր ոլորտներում սոցիոլոգների ակտիվ ներգրավմանը` սույն Հռչակագրին մասնակից մասնագետներն ազդարարում են իրենց ռազմավարական նպատակների իրականացման շուրջ համագործակցության և գործընկերության մասին՝ հռչակելով Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի հիմնադրումը: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցը կամավոր հիմունքներով ոչ ֆորմալ համագործակցային հարթակ է: Ցանցի կառավարումը հիմնված է մասնակցայնության սկզբունքի վրա, որը շրջանավարտներին հնարավորություն է տալիս ներգրավվել ցանցի նախագծման և իրականացման աշխատանքներում: Հռչակագիրը բաց է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների համար»։