Նախագահը հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:

Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ Հայաստանը կրկին դառնում է դասական երաժշտության միջազգային կենտրոն: Ողջունելի է, որ աշխարհի տարբեր երկրներից տաղանդավոր երաժիշտներն ավելի շատ են այցելում մեր երկիր»: Հյուրերը պատմել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների վերապատրաստման և այլ ծրագրերի մասին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է արվեստի ու երաժշտության ոլորտում փոխգործակցությունը և համատեղ տարբեր նախագծերի, նոր փառատոնների կազմակերպումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրականացմանը: Նշելով, որ նախագահական նստավայրում նույնպես մշակութային տարբեր միջոցառումներ են անցկացվում, Հանրապետության նախագահն առաջարկել է այդ շրջանակում կազմակերպել դասական երաժշտությանը նվիրված համերգ: