Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՃԿԱԿ նախկին պետ Հովհաննես Խանգելդյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Ցոլակյան

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ հոկտեմբերի 24-ին՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: 

Գնդապետ Հովհաննես Խանգելդյանն արտակարգ իրավիճակների համակարգում էր շուրջ 20 տարի:

Ծառայությունը սկսել էր 2000 թվականից և մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է Արտակարգ իրավիճակների վարչության բնակչության պաշտպանության մասնագետի, ինժեներատեխնիկական միջոցառումների սպայի, օպերատիվ վարչության կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի, քաղաքացիական պաշտպանության գնդի շտաբի պետի, օպերատիվ վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի գլխավոր ինժեների, ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ-ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի, ինչպես նաև ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի պաշտոնները: 

Ծառայության ընթացքում պարգևատրվել է վարչապետի անվանական նվերով, ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն , փրկություն», «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստիճանի մեդալներով, պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» , «Դրաստամատ Կանայան» մեդալներով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով և գերատեսչական պարգևներով:

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ Հովհաննես Խանգելդյանին ընդունեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց գնդապետ Հովհաննես Խանգելդյանին երկարամյա արդյունավետ և անբասիր ծառայության համար, բարձր գնահատեց նրա տարիների վաստակը: Նախարարի խոսքով, Խանգելդյանը համալրում է սպայի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահած և բարոյական նկարագրով աչքի ընկած ծառայակիցների շարքերը:

Նախարարը Հովհաննես Խանգելդյանին պարգևատրեց ԱԻՆ հուշանվերով:

Մեր հետ զրույցում պաշտոնաթող գնդապետ Խանգելդյանը կիսվեց իր մտածումներով.

«Երեխայի պես կապված եմ Արտակարգ իրավիճակների նախարարությանը. այն իմ օջախն է: Ես զինվորագրված կկանգնեմ առաջին շարքերում, եթե իմ համեստ ունակությունների կարիքը նորից զգացվի: Փրկարարությունը չընդատվող առաքելություն է»,- մասնավորապես նշեց Հովհաննես Խանգելդյանը: