ԵԱՏՄ-ն և աշխարհը. միջազգային նվաճումներ՝ 4 տարվա ընթացքում

ԵՐԵՒԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվեց 2015 թ-ին՝ իր մեջ ներառելով հիմնադիր հինգ երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և  Հայաստան։ Արդեն 2016 թ-ի փետրվարի մեկից ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հավանություն տրվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությանը։ Այս հանձնաժողովի խնդիրն էր առաջիկա չորս տարիների ընթացքում կայացնել ԵԱՏՄ ինտեգրացիոն ինստիտուտները, վերացնել բիզնեսի համար խոչընդոտները, թվայնացնել ԵԱՏՄ տնտեսությունը, ստեղծել այնպիսի ազատություններ, որ 183 միլիոնանոց շուկան կարողանա թե՛ իր մեջ ստեղծել տնտեսական ակտիվության լավ պայմաններ, թե՛ իբրև մեկ տնտեսական միավոր հարաբերվել աշխարհի մնացյալ տարածաշրջանային տնտեսական միությունների և երկրների հետ։ Վերջին կետը հատկապես կարևոր է մեր երկրի համար: Հայկական արտադրողը ԵԱՏՄ-ի ստեղծած առավելության շնորհիվ հնարավորություն է ունենում արտահանել իր ապրանքը ոչ միայն հիմնադիր հինգ երկրներ, այլ այնտեղ, որտեղ ԵԱՏՄ-ն ունի ազատ առևտրի համաձայնագիր կամ տնտեսական դյուրության այլ փաստաթուղթ։ 

ԵԱՏՄ-ն բացել է իր տնտեսական դարպասները

Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար նշանակվելուց անմիջապես հետո այդ կառույցը սկսում է Չինաստանի հետ ակտիվ բանակցություններ վարելը։ 2 մլրդանոց շուկայի հետ տնտեսական արտոնյալ պայմաններով հարաբերություններ ստեղծելու առաջին քայլն արվում է 2016  թ-ի փետրվարին, երբ ԵՏՀ պատվիրակությունն այցելում է Պեկին և հանդիպում այդ երկրի առաջին փոխվարչապետ Չժան Գոալի հետ։ Այս ընթացքում հիմք է դրվում ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական պայմանագրի կնքման աշխատանքներին, որն արդեն վավերացվում է 2018 թ-ին՝ Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ։ ԵԱՏՄ անդամ երկրներն ու պաշտոնական Պեկինն այդ քայլով դյուրացնում են առևտրատնտեսական հարաբերությունները, ստեղծում միմյանց համար բիզնես առավելություններ։ 

Հաջորդ քայլով մեկնարկում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սինգապուրի հետ բանակցությունները։ Հարավ-արևելյան Ասիայի տնտեսական հրաշքի մոդելով այս երկիրը չնայած ունի փոքր տարածություն, սակայն համարվում է աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը, որի հաջողության բանաձևը հետաքրքիր և ուսանելի է ցանկացած երկրի համար։ 

Ամեն ինչ սկսվում է փետրվարի 2016 թ-ի փետրվարի 21-ին, երբ Մոսկվայում հանդիպում են ԵՏՀ նախագահն ու Ռուսաստանում Սինգապուրի դեսպան Լիմ Կխենգ Խուան։ Կողմերը պայմանավորվում են խորացնել առևտրատնետսական հարաբերություններն ու արդեն գրեթե երկու ամիս անց՝ նույն թ-ի մայիսին, կրկին Մոսկվայում ստորագրվում է փոխըմբռման հուշագիր։ Մինչև 2019 թ-ը ԵՏՀ պատվիրակության և  Սինգապուրի վարչապետի միջև տեղի է ունենում երկու հանդիպում, որն ավելի է մոտեցնում արդեն ազատ առևտրի համաձայնագրի կնքումը։ Արդեն 2019 թ-ի հոկտեմբերին՝ Երևանում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում Սինգապուրն ու ԵԱՏՄ անդամ երկրները վերջնականապես վավերացնում են այդ պայմանագիրը՝ միացնելով Սինգապուրն այն հսկայական տարածքին, որի հետ մեր երկրի քաղաքացիները կարող են ազատորեն բիզնեսով զբաղվել։ 

ԵԱՏՄ-ն աշխարհին միացնելու հաջորդ քայլը Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրին միտված բանակցություններն էին։ 2016 թ-ի դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպում են ԵՏՀ ղեկավարն ու ՌԴ-ում Իրանի դեսպան Մեխդի Սանաին։ Կողմերը պայմանավորվում են խորացնել աշխատանքներն ազատ առևտրի համաձայնագիր ստրագրելու ուղղությամբ։ Ի շարունակություն այս աշխատանքի՝ ԵՏՀ նախագահը  2017 թ-ի օգոստոսի 5-ին այցելում է Իրան՝ այդ երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու համար։ Այցի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպում է Իրանի առաջին փոխնախագահ Էսխակ Ջահանգիրիի հետ, որտեղ էլ ավելի են առարկայական դառնում Միության և Թեհրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր հյամաձայնագիր կնքելու նախադրյալները։ 2018 թ-ի մայիսին` Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում, ԵԱՏՄ անդամ պետությունների փոխվարչապետները, ԵՏՀ նախագահն ու  Իրանի առրտրի նախարարը վավերացնում են ժամանակավոր համաձայնագիրը, որը կիրառման մեջ է մտնում այս տարվա հոկտեմբերից։ 

Չինաստանին, Իրանին և Սինգապուրին հաջորդում է արդեն Սերբիան։ 2019 թ-ի հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում, Տիգրան Սարգսյանը, միության անդամ երկրների վարչապետներն ու Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրում են ազատ առևտրի համաձայնագիրը, որը հատկապես հետաքրքրական հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Բանն այն է, որ մինչ այս պայմանագրի կնքումը, Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանն ունեին երկկողմանի նմանատիպ պայմանագրեր պաշտոնական Բելգրադի հետ։ Ստացվում է, որ այս պայմանագրով հայկական ապրանքները կարող են առանց խոչընդոտի ուղարկվել Սերբիա, իսկ սերբականները՝ Հայաստան։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկրների միջև այլևս գործում է ազատ վիզային ռեժիմ, տնտեսական հնարավորություններն էլ ավելի են մեծանում։ 

ԵԱՏՄ միջազգային օրակարգի հաջորդ կարևոր հանգրվանը Եգիպտոսն է։ Արաբական ամենամեծ շուկաներից մեկի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները սկսվեցին կրկին 2016 թ-ին։ Նախնական աշխատանքներից հետո Եգիպտոսի նախագահ Աբդուլ Սիսին 2018 թ-ին այցելեց Մոսկվա և հանդիպեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։ Այժմ արդեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մտել է եզրափակիչ փուլ։ 

Եգիպտոսի հետ գրեթե զուգահեռ ընթանում է Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքները։ 2017-ին ԵՏՀ պատվիրակությունը հանդիպում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, բանակցությունների ժամանակ քննարկվում է համաձայնագրի հնարավորությունները։ Հնդկաստանի վարչապետն ասում է, որ պաշտոնական Դելին պատրաստ է ամեն ինչով աջակցել, որպեսզի ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ստորագրվի նման կարևորության տնտեսական պայմանագիր։ Այս պահին աշխատանքները կրկին մտել են եզրափակիչ փուլ։ 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին երեք տարիների ընթացքում կարողացել է նաև հարաբերություններ ստեղծել, Իսրայելի, Կամբոջայի, Արգենտինայի, Կուբայի, Թաիլանդի, Մոնղոլիայի հետ։ Կա ակտիվ երկխոսություն Հարավային Ամերիկայի շուկան միացնող «ՄԵՐԿՈՒՍՈՐԻ», Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցացիայի, Աֆրիկյան միության հետ։ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու հարցում իրենց հետաքրքրությունն են ներկայացրել Հունգարիան, Լաոսը, Պակիստանը, Պերուն, Կորեան, Սիրիան և բազմաթիվ այլ երկրներ։ 

Ստացվում է, որ 4 տարուց էլ պակաս ժամանակաշրջանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Սարգսյանի գլխավորությամբ կարողացել է հարաբերություններ հաստատել աշխարհի ամենախոշորագույն շուկաների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Աֆրիկյան և Լատինաամերիկյան երկրների հետ։ Ցանկացած այսպիսի պայմանավորվածություն հնարավորությւոն է տալիս հայկական բիզնեսին ստեղծել մրցունակ ապրանք ու առավել հարմար, արտոնյալ պայմաններում հանել այն միջազգային շուկա։ ԵԱՏՄ-ի շնորհիվ մենք, ունենալով երկու փակ սահմաններ, դառնում ենք  գործընկեր աշխարհի ուժեղ տնտեսությունների հետ։