Unibank

Unibank Mobile

Հայաստանի նախաձեռնությանը լուրջ քարտ-բլանշ է ստացել ԱՄՆ-ից. «որոշել է» Թուրքիան. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Ներքաղաքական իրադարձությունների բուռն զարգացման համատեքստում անշուշտ հասկանալի է, որ ուշադրությունից դուրս էր մնալու Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի այցը Հայաստան, առավել եւս, որ Հունաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է, եւ նախագահը առաջնային քաղաքական պաշտոնյա եւ դեմք չէ:

Այդուհանդերձ, Հունաստանի նախագահի հայաստանյան այցը, որ տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, հնարավոր է դիտարկել արդեն շատ ավելի կարեւոր քաղաքական իրադարձության՝ հունվարին Երեւանում տեղի ունենալիք Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափի առաջին վեհաժողովի նախերգանքի իմաստով:

Այդ վեհաժողովի մասին հայտնի է վաղուց, իսկ Հունաստանի նախագահի հետ հանդիպմանն էլ դրա սպասման մասին նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործակցության ձեւաչափը նախաձեռնել է Հայաստանը: Դեռեւս մարտին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Կիպրոս այցի ընթացքում դրվեց արտգործնախարարների մակարդակում գործակցության սկիզբ, ու ազդարարվեց ձեւաչափի առաջին՝ հունվարին Երեւանում կայանալիք վեհաժողովը:

Այս ընթացքում, սակայն, միջազգային իրադարձություններում տեղի են ունեցել զարգացումներ, որոնք ինքնին նոր միջավայր են ստեղծել նոր ձեւաչափի առաջին վեհաժողովին ընդառաջ: Մասնավորապես, խոսքը, իհարկե, Թուրքիայի շուրջ սիրիական առիթով տեղի ունեցող զարգացումներն են եւ, մասնավորապես, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը: Իսկ բանն այն է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափը գործնականում դիտարկվում է որպես թուրքական աշխարհաքաղաքական նկրտումների հնարավոր արգելափակոց:

Ինչ խոսք, դա, իր հերթին, եռակողմ գործակցության եւ ձեւաչափի բավականին նեղ հատկանիշ կամ բնորոշում է, որովհետեւ երեք երկրները, մեծ հաշվով, ունեն շատ ավելի մեծ քաղաքական ներուժ՝ ընդհուպ քաղաքակրթական կապիտալի խորքային համատեքստում: Միեւնույն ժամանակ, սակայն, իրադարձություններն ու հանգամանքները դասավորվել են այնպես, որ այդ ամենը որոշակիորեն հատվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումների հետ, ինչն էլ, իր հերթին, անխուսափելի է դարձնում այդ ներուժի իրացումը առանց թուրքական նկրտումների զսպման ուղղությամբ ջանքերի:

Եռյակը չի որոշել այդպես, այդպես գործնականում «որոշել» է Թուրքիան, հատկապես էրդողանյան, այսպես ասած, ծավալապաշտական եւ անգամ կայսերապաշտական հավակնությունների ժամանակահատվածում: Դա էլ, իր հերթին, անխուսափելի է դարձնում եռակողմ ձեւաչափի ծավալումն առանց Թուրքիայի այդ ծավալապաշտական գործողություններն ու ռազմավարությունը սահմանափակելու: Ինչ կստացվի այդ գործում: Այդ հարցի շատ թե քիչ պատասխանի ուրվագծումը կնշմարվի թերեւս երեւանյան վեհաժողովին ավելի մոտ կամ դրա ընթացքում: Սակայն ակնառու է, որ եռակողմ ձեւաչափը, թեկուզ անուղղակի, սակայն արդեն իսկ ստացել է բավականին լուրջ քաղաքական քարտ-բլանշ ԱՄՆ-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս