«Արայի՛կ, հեռացի՛ր»․ ցուցարարները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արայիկ

Կառավարության շենքի առջև մի խումբ քաղաքացիներ,  ուսանողներ ու դասախոսներ «Արայի՛կ, հեռացի՛ր» կոչով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ուսանողներից մեկը նշել է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքը նախարարի  հակահայկական և հակաժողովրդական քայլերն են։

«Մեր ազգին հարիր չէ սատանայության քարոզը։ Պահանջում ենք նախարարի և նրա թիմի հրաժարականը։ Բացի դրանից՝ չենք ուզում նախարար ունենալ, որը հայոց լեզուն, հայ գրականությունն ու պատմությունը և՛, և՛-ի, կա՛մ, կա՛մ-ի տակ կդնի։

Արայիկ Հարությունյանը պետք է գնա տուն, նա տապալել է իրեն, ինքն իրեն չի արդարացրել և անցել է կարմիր գիծը։ Պետք է գա նոր նախարար, որը կլինի հայակենտրոն և հայամետ։ Մենք՝ որպես հարկատու և ՀՀ քաղաքացի, պահանջում ենք նրա հրաժարականը։ Մենք հարկեր չենք տալու, եթե դրանք ուղղվելու են սեռափոխ Մելի մասին ֆիլմ նկարելուն։ Արայիկ Հարությունյանը պետք է վայրկյան առաջ հրաժարական տա», - ասել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչը։

«Նախարարն ուզում է, որ հայ ազգի հայ սերունդը հայոց պատմությունը չիմանա, պարտադիր չլինի։ Բա ինը պետք է լինի»,-բողոքել է նախկին դասախոս Մխիթար Պատվականյանը

Ցուցարարներ նաև նշել են, որ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև նախարարը հրաժարական չի ներկայացնի։