Հայաստանի ուսանողները հնարավորություն կունենան սովորել Քվեբեկում

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Thumbnail

Հայաստանի ուսանողները հնարավորություն կունենան սովորել Քվեբեկի ցանկացած համալսարանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

«Ֆրանկոֆոն մի քանի պետությունների հետ ունենք միջպետական համաձայնագրեր, որոնց շրջանակում իրականացնում ենք ուսանողների փոխանակում: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Քվեբեկի համապատասխան գերատեսչության կողմից Հայաստանի ուսանողների համար առաջարկվել է 10 կրթաթոշակ: Ի դեպ, բացարձակ կապ չունի, թե ինչ ծրագրով՝ բակալավրի, մագիստրոսի, թե այլ: Սա առայժմ կլինի մեկանգամյա միջոցառում, սակայն այն կդառնա լավ հիմք, որ սրա հիման վրա կառուցենք հետագա համագործակցությունը»,- ասել է նախարարի տեղակալը:

Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հետ փորձում են համաձայնություն ձեռք բերել՝ կապված Հայաստանի կրթական հաստատություններին աջակցելու հետ:

Փորձում են հասկանալ, թե Ֆրանսիայի կառավարությունն ինչ ներդրում կարող է ունենալ Հայաստանում կրթական երկու հաստատությունների՝ Ֆրանսիական համալսարանի և ֆրանսիական դպրոցի զարգացման համար:

Նախարարի տեղակալը նշել է, որ «Ալյանս Ֆրանսեզը» ֆրանկոֆոնիայի շրջանակում ուսուցիչների համար կազմակերպել է ֆրանսերեն լեզվի մասնագիտական զարգացման դասընթացներ: Առաջարկվել է դասընթացներ անցկացնել նախարարության որոշ աշխատակիցների համար, ովքեր ունեցել են համապատասխան մակարդակի գիտելիքներ:

«Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ֆրանկոֆոն երկրների տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես բուհական, այնպես էլ դպրոցական մակարդակում: Հայաստան են ժամանել ֆրանկոֆոն համալսարանների ներկայացուցիչներ, որոնց հետ ունենք նախնական պայմանավորվածություն՝ մեր բուհերի համապատասխան ֆակուլտետների ու ամբիոնների հետ աշխատելու համար»,- ասել է Արևիկ Անափիոսյանը:

Ըստ նրա՝ այս օրերին Ֆրանսիայից, Բելգիայից մի շարք այլ երկրներից նաև մասնավոր այցերով տարբեր բուհերից ներկայացուցիչներ են գալիս Հայաստան և այցելում կրթական հաստատություններ:

Առաջիկայում նախատեսվում է գործակցության հուշագիր կնքել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: