«Էրեբունի» ավտոշուկայի մոտ վեճի ժամանակ զենք է գործադրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Երեւանում, նոյեմբերի 6-ին, Խաչիկ Դաշտենցի փողոցից ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրանք են՝ Երեւանի բնակիչներ, 27-ամյա Վարդգես Ջուլհակյանը, 28-ամյա Վրեժ Ծատուրյանը եւ 26-ամյա Սարգիս Հարությունյանը:

Ոստիկանությունում անձնական խուզարկությամբ Ս. Հարությունյանի մոտ հայտնաբերվել է «Վալտեր ՊՊ» տիպի գազային ատրճանակ:

Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Խաչիկ Դաշտենցի փողոցի 20 հասցեի մոտ գումարային հարցի շուրջ Վ. Ջուլհակյանը վիճաբանել է Երեւանի բնակիչ, 28-ամյա Լեւոն Բազինյանի հետ, որի ժամանակ էլ, ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների՝ զենք է օգտագործվել:

Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք այդ պահին կրակոցներ հնչել են, թե ոչ, իսկ բերման ենթարկելիս Ս. Հարությունյանը իր մոտ ունեցել է զենքի օրինական թույլտվության համապատասխան թղթեր:

Բերման ենթարկված բոլոր անձինք բաց են թողնվել, իսկ քրեական հետախուզության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունք:

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Վ. Ջուլհակյանը աշխատում է «ՀԿԵ» ՓԲԸ-ում հերթափոխի պետ, Վ. Ծատուրյանը՝ նույն ՓԲԸ-ում՝ անվտանգության աշխատակից, իսկ Ս. Հարությունյանը՝ նույն ՓԲԸ-ում՝ որպես վարորդ: