«Չի էղել տենց բան, մամուլը ստից գրել ա»․ Մկրտիչ Սափեյանը՝ Քարակերտի ՋՕԸ-ի կրակոցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Մկրտիչ

ՀԱԿ անդամ Մկրտիչ Սափեյանը 24News-ի հետ զրույցում հերքեց իր և եղբոր մասնակցությունը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում տեղի ունեցած վիճաբանությանը, որի ժամանակ նաև կրակոց է հնչել։

«Չէ՛, չէ՛, մամուլը շատ բան կգրի, չի էղել տենց բան։ Մամուլը ստից գրել ա»,-ասաց Մկրտիչ Սափեյանը։

Հարցին՝ այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ իր և եղբոր անունն է շոշափվում, Մկրտիչ Սափեյանը խնդրեց բավարարվել պատասխանով և անջատեց հեռախոսը։

Ավելի վաղ գրել էինք, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է եղել, որի ժամանակ հնչել է կրակոց: Լուրը 24News-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետը Զարզանդ Գաբրիելյանը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝  գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Սկսվել է վիճաբանություն, որին հաջորդել է կրակոց: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ և դիմել փախուստի։
 
Հասմիկ Կիրակոսյան