Ամեն մարդ դիմացինին չափում է սեփական արշինով․ դատախազի խորհրդականը՝ Քոչարյանի փաստաբանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

կոլաժ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Լրագրողներին տված ճեպազրույցում այսօր իրավական ոչ կոմպետենտության հերթական «մաստեր-կլասն» է ցուցադրել փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ զգացմունքային զեղումներով անհեթեթ դատողություններ շռայլելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արժանիքների և նրան արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ:

Ինչպես բնորոշ է դատավարական գործընթացում կրած պարտությունը արժանապատիվ կերպով տանել չկարողացող թույլիկ «պրոֆեսիոնալին», վերջինս նախընտրել է զուտ իրավական, մասնագիտական վեճը անձնավորված որակումների շրիշակային մակարդակի իջեցնելու տարբերակը՝ այդ կերպ թաքցնելով իր կողմից շոշափվող խնդիրների տարրական իրավակարգավորումներից չիմացության ակնհայտ իրողությունը:

Հակառակ դեպքում հրապարակային հայտարարություն անելուց առաջ իրեն հարգող իրավաբանը կբացեր «Դատախազության մասին» ՀՀ օրենքը և նախ կաշխատեր հասկանալ՝ ինչպես են կարգավորվում դասային աստիճանների շնորհման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ գլխավոր դատախազի պարագայում:

Եթե «բազմափորձ» փաստաբանը մանիպուլյացիաների միջոցով մաղձը թափելու փոխարեն աներ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողին հարիր այդ տարրական, տնային աշխատանքը, կհասկանար, որ տվյալ դեպքում գլխավոր դատախազի դասային աստիճանի բարձրացումը օրենքի ուղղակի պահանջ է:

Միևնույն ժամանակ, բացարձակ զարմանալի չէ, որ իրավաբանությունը որպես «ծառայություններ» մատուցելու փեշակ դարձրած և նման ընկալումներով ու աշխարհայացքով մասնագիտական կենսագրություն կերտած անձը կարող է գլխավոր դատախազին մեղադրել ծառայություններ մատուցելու մեջ: Ինչպես ասում են՝ ամեն մարդ դիմացինին չափում է սեփական արշինով»:

Ռուբեն Սահակյանի ճեպազրույցը՝ այստեղ