«Տատս փախել է՝ մեռած ձևանալով»․ Արա Դերզին կոչ է արել Լոնդոնին ճանաչել ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Դերզի

«The Guardian» պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի հայազգի անդամ Արա Դարզին (Թերզյան) կոչ է արել բրիտանական կառավարությանը հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին և ճանաչել հայերի ցեղասպանությունը:

«Որպես բրիտանական խորհրդարանում առաջին հայ պատգամավոր` ես ոգևորված եմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բայց ես առաջվա պես հուսահատված եմ, որ բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել շուրջ 1,5 միլիոն հայերի սպանությունն Օսմանյան կայսրությունում»,- ասել է Լոնդոնի կայսերական քոլեջի համաշխարհային բժշկական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին՝ բերելով  նախնիների օրինակը:

«Իմ նախապապն ու իր որդիները սպանվել են Օսմանյան կայսրության կառավարական զորքերի կողմից 1915 թվականին: Նրա դուստրը՝ իմ տատը, փախել է այնտեղից՝ մեռած ձևանալով: Նա իր մոր հետ ոտաբոբիկ Էրզրումից գնացել է և հայտնվել Մոսուլում՝ Իրաքի հյուսիսում: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ մենք ապրում էինք որպես փախստականներ»,- ասել է նա:

Արա Դարզին նաև նշել է, որ Անգլիան հրաժարվում է ճանաչել հայերի ցեղասպանությունը զուտ այն պատճառով, որ չփչացնի հարաբերությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: