Արսեն Բաբայանի գործը հեքիաթ է. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Իրավական

«ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանում դեռևս մակագրված չէ որևէ դատավորի»,- այդ մասին 24News-ին հայտնեց Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: 

Նա և մյուս պաշտպանը դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված կալանքի որոշումը: 

«Առաջին ատյանի դատարանը տասնօրյա ժամկետը պահպանելուց հետո է նյութերն ուղարկում Վերաքննիչ դատարան: Այդ իսկ պատճառով ես տեխնիկական հարցերով եմ պայմանավորում այս խնդիրը, որ դեռևս մակագրված չէ»-մանրամասնեց պաշտպանը: 

Իսկ տեսակցությունների հարցն, ինչպես հայտնի է՝ մասնակի լուծված է. «Այս պահի դրությամբ ընտանիքն ու ազգականները կարող են տեսակցել Արսեն Բաբայանին:  Պատգամավորների մասով, կարծում եմ՝ առհասարակ սահմանափակում լինել չի կարող՝ օրենքի ուժով: Իսկ մյուսների մասով դեռ կա սահմանափակում»,-ասաց Վարոսյանը: 

Հարցին՝ Բաբայանը մեղադրանքը շարունակում է չընդունե՞լ՝ պաշտպանն ասաց, որ մեծագույն ցանկության դեպքում էլ այդ մեղադրանքը ոչ ոք չի կարող ընդունել: «Այդ մեղադրանքը հեքիաթ է»-շեշտեց նա: 

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 22-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով:                 

Մերի Մարտիրոսյան